Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդվզման կոչով «Երկիր Ծիրանի»-ն Տավուշի մարզում է (տեսանյութ)

Հասարակություն
zaruhi-2

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 11-ին, համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը սկսեց Տավուշի մարզի  Բերդ քաղաքից: Կուսակցության նախագահը քաղաքացիներին հիշեցրեց առաջիկա մարտ և ապրիլ ամիսներին համահայկական մեծ ընդվզման անհրաժեշտության մասին, ապա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի իշխանազավթման երկարաձգումը կնշանակի հայերիս բնօրրան Հայկական բարձրավանդակի շուրջ 10 տոկոսը կազմող մեր ներկայիս փոքր Հայրենիքից` Հայաստանի Հանրապետությունից նոր հայազրկում և հայրենազրկում: Ներկայացնելով կարգախոսը` «Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձևը»` նա հավելեց, որ եթե չենք ընդվզելու և չենք մերժելու սատանայի բանաձևը, ապա մենք էլ կկիսենք գաղթականի ճակատագիրը` ինչպես աշխարհում ոփռված մեր հայրենակիցները: Հիշեցնելով, որ Բերդ քաղաքը սահման է պահում, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր Հայաստանում իշխող կոռուպցիոն համակարգն ավելի վտանգավոր է արտաքին թշնամուց, քանի որ այդ համակարգը և Սերժ Սարգսյանը թալանում են նաև մեր բանակը` զրկելով մեզ ժամանակակից սպառազինությամբ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման հնարավորությունից: Որպես բանակը ևս թալանող  կոռուպցիայի օրինակ` կուսակցության նախագահը նշեց 2016 թվականին թշնամու հարձակման ժամանակ առաջնագծի զինվորների զինվածության անբավարար լինելը` շեշտելով, որ միայն մեր երիտասարդների մարտական ոգու և անգին կյանքերի շնորհիվ կանխվեց աղետը: Զարուհի Փոստանջյանը նաև հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը և իր խմբակը հատուկ քաղաքական ծրագրով իրականացնում են հայերի դեպորտացիա Հայկական բարձրավանդակի այս փոքր մասից ևս` հավելելով, որ այս 25 տարիները եղել են հատուկ դեպորտացիայի ծրագրի իրագործման տարիներ, մինչդեռ անկախ Հայաստանում կարող էինք ունենալ այնպիսի ծրագիր, որը բարեկեցություն կբերեր յուրաքանչյուր հայ մարդու և կկազմակերպեր ազգահավաքը: Բերդ քաղաքի բնակիչներին ուղերձով դիմեցին նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը` կոչ անելով այլևս չհանդուրժել այս իրավիճակը և ձեռք ձեռքի բռնած դուրս գալ փողոցներ ու հրապարակներ: Զարուհի Փոստանջյանը նաև հայտարարեց, որ պարտավոր ենք մարտ-ապրիլ ամիսներին դիմել համահայկական ընդվզման, իրականացնել մեր հայկական հեղափոխությունը, և կոչ արեց կանանց կանգնել պայքարի առաջնագծում, իսկ տղամարդիկ, եթե վախենում են, ինչը հասկանալի է, թող մնան թիկունքում: Բերդ քաղաքում կուսակցության անդամները մարդկանց բաժանեցին` համահայկական մեծ ընդվզման օրը նշելու համար 2018 թվականի օրացույցերը, հեղափոխական լույսերն ու թռուցիկները: Ընդվզման ուղերձի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքն է:    «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 11 փետրվարի 2018 Երևան