Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասաններից շատերը հրաժարվում են բեմ ելնել, եթե հուշարարը չի լինում (տեսանյութ)

Մշակույթ
husharar

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի  շատ դերասաններ հրաժարվում են բեմ դուրս գալ, եթե կուլիսներում չի  լինում հուշարար Սեթոն։ Հենց այդպես էլ անվանում են Սեդրակ Դոլաշյանին հարազատ թատրոնում։ «Թատրոնի հուշարարը տարեց մի կին էր։ Մի անգամ նա չէր եկել, բոլորը խուճապի մատնվեցին։ Կատակով ասացի, որ ես կհուշեմ։ Բոլորը համաձայնվեցին»։ Սեդրակ Դոլաշյանը թատրոնում աշխատանքը սկսել է որպես լուսավորող։  Արդեն 36 տարվա աշխատանքային փորձ ունեցող  հուշարարը   հիշում է, որ սկզբից անգամ նորմալ կարդալ չգիտեր։ «Եկա տուն մտածեցի, թե ոնց եմ այդ գործն անելու, եթե ես նորմալ կարդալ չգիտեմ։  Հաջորդ օրը փորձի կանչեցին, և տեղի ունեցավ հրաշք. պիեսը տվեցին ձեռքս, ես ջրի նման կարդում էի»։ Չնայած անգիր գիտի բոլորի դերերն ու տեքստերը, բայց աչքը չի կտրում թղթից։ Ասում է՝ բավական է հուշարարը մի փոքր շեղվի, դերասանը բացթողում կանի։ «Ես աշխատում եմ ուշադրությունը տեքստի վրա պահել, չեմ նայում՝ ծիծաղում են, ինչ են անում։ Ես աշխատում եմ չկորցնել տեքստը։ Լինում են պահեր, երբ իմ ծիծաղն էլ է գալիս, այնպես լավ են խաղում»։ Հուշարարի գոյությունը դերասանին ինքնավստահություն է փոխանցում։ Դերասանները փաստում են, որ հուշարարին տեսնելով ավելի հանգիստ են։ Հուշարար  դառնում են աշխատանքի ընթացքում։ Դրա համար հատուկ կուրսեր չկան։ «Թատրոնը հիվանդություն է։ Եթե վարակվեցիր, էլ չես կարող բուժվել։Եթե դուրս գամ թատրոնից, այլևս ոչ մի տեղ չեմ աշխատի, որովհետև սա է իմ գործը։ Չգիտեմ ,երևի կգա ժամանակ՝ չի լինի հուշարար, բայց հուշարարը մարդ է, որը ցավում է դերասանի համար»,- ասում է Սեդրակ Դոլաշյանը։ Երևանում թեև կան թատրոններ, որտեղ արդեն  չկան հուշարարներ, բայց մեծ մասը դեռ չեն հրաժարվում աննկատ ու անփոխարինելի այս մասնագետներից։