Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները 4-րդ անգամ կհանդիպեն շախմատի խաղատախտակի առջեւ

Սպորտ
a1chess-zlm-8.02.

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում 4-րդ անգամ կանցկացվի շախմատի մրցաշար լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Այդ մասին հայտնում է մրցումների կազմակերպիչ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարը կսկսվի առավոտյան ժամը 11-ին: Այն բաղկացած է 7 մրցափուլից եւ կանցնի արագ շախմատի մրցակարգով. ամեն պարտիայի համար մասնակիցներին կտրամադրվի 10-ական րոպե եւ 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցանակային երեք տեղերը զբաղեցրած լրագրողները կստանան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային պարգեւներ: Մրցանակներ կստանան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսեւորելու համար, ամենարագ հաղթանակի համար եւ ամենատարեց մասնակից: «Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջեւ նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Նախեւառաջ շնորհակալ ենք ՎՏԲ (Արմենիա) Բանկին, որի աջակցությամբ մրցաշարն արդեն դարձել է ավանդական», - «Ա1+»-ին հայտնեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ի դեպ, անցած երեք տարիների մրցաշարերում հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիա» թերթի մարզական լրագրող Վադիմ Մկրտչյանը: Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են կապվել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 18-18-78, 010 55-06-19: