Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հին շենքը քանդելը նույն բարբարոսությունն է, ինչպես թալիբները քանդեցին Բուդդայի արձանը» (տեսանյութ)

Հասարակություն
odanavakayan

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու փոխարեն պետք է ամրացնել. « Իր ձեւի  շնորհիվ շենքը շատ բարձր կրողունակություն ունի  եւ ուժեղացումով բոլոր հարցերը կլուծվեն: Մենք ապացուցեցինք, որ հին շենքը ավելի լավ է համապատասխանում, քան նորը»,- ասում է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը: Դեռեւս 2013թ. սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է, որ մտադիր է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը։ Հիմնական բացատրությունն այն է, որ շենքը չի  համապատասխանում ժամանակակից պահանջներին, հնացել  է եւ  դարձել անհարմար: «Սա նման է այն բարբարոսությանը, որը թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը, նման է այն բարբարոսությանը, որը ԻԼԻՊ-ն արեց՝ քանդելով Սիրիայում Պալմիրան, և մենք այսպիսի բարբարոսությա՞մբ ենք ուզում մտնել ԵՄ-ի հետ համագործակցության նոր պայմանագրի մեջ: Դա՞ է Հայաստանի ապագան», - նշում է  Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը: Անահիտ Թարխանյանը տպավորություն ունի՝ Էդուարդո Էռնեկյանը   հրաժարվում է նաեւ  «Զվարթնոց» օդանավակայանից։ Արգենտինահայ միլիարդատերը տարվա սկզբին  հայտարարել է, որ մտադիր է  հրաժարվել օդանավակայանների բիզնեսից, որը ներառում է 51 օդանավակայան։ «Ռելակացիա են անում իրանց բիզնես ծրագրերը: Մի բնագավառից, մյուս բնագավառը: Եկեք մի կողմի դնենք մեր էմոցիոնալ մտքերն ու հասկանանք՝ ինչպես է վարվում բիզնեսմենը՝ իր խնդիրն է բարձր գնով վաճառել իրեն պատկանող ապրանքը: Այդ ապրանքը ՀՀ-ում օդանավակայանն է, ինչքանո՞վ կարող է վաճառել ինքն այդ օդանավակայանը, մեծ հարցական է, որովհետև ցանկացած մարդ, ով գալու է գնի այդ օդանավակայանը, նայում է, որ կողքը ևս մեկ օդանավակայան կա և գինը, պարզ է, նվազում է:  Որպեսզի մաքսիմալ բարձր վաճառի այս օդանավակայանը, անհրաժեշտ է մյուսը քանդել»: Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց. «Հաճախ մենք խոսում ենք Հայաստանի բրենդների մասին, ու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը բրենդ է՝ աշխարհի կողմից ճանաչված, ճարտարապետական ալբոմներում հայտնի: Դա թողած, մենք ուզում ենք ուրիշ բրենդներ գտնել: Իհարկե, նոր տերմինալը մեծ է, լուսավոր ու ժամանակակից, սակայն հին շենքը մտած է մեր ազգային կուլտուրայի մեջ: Եվ զարմանալի է, որ պետությունն այդքան սառնասրտորեն է վերաբերվում այն փաստին, որ շինությունն ուզում են քանդել: Մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք մեր արմատները»: Մկրտիչ Մինասյանին զարմացնում է մի հանգամանք, Էդուարդո Էռներկյանին, որի կողմից ամեն անգամ դրվել է «Զվարթնոց »–ի հին շենքը քանդելու նախապայման, Սերժ Սարգսյանը  տվել է Ազգային հերոսի  կոչում։