Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽ-ն պարապների միություն է, պարտիզանի լռությամբ է հանդես եկել

Քաղաքականություն
artur-pet

ԱԺ-ում այսօր «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանին հարց ուղղելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այսօր Հանրային խորհուրդը բոլորովին էլ զբաղված չէ այն առաքելությամբ, ինչի համար ստեղծվել է, ավելի շատ դիտորդական առաքելություն է անում, երբ պետք է հնչեցնի ժողովրդի կարծիքը. «Կարող եք ցույց տալ մի դրույթ, ըստ որի՝ Հանրային խորհուրդն այլեւս չի լինելու պարապների միություն եւ դիտորդի աչքերով չի դիտելու հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերին»: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ չի պատրաստվում պաշտպանել հանրային խորհրդին, քանի որ նա պաշտպանության կարիք չունի. «Ինձ, օրինակ, Հանրային խորհուրդը պարապ, հանգիստ չի թողնում: Բավականին խորը ու հանգամանալից երեկ քննարկում էինք համատիրությունների հարցը: Այդ հարցը հարցը ծագել է հանրային մտահոգություններից»: Գեւորգ Պետրոսյանը արձագանքեց՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյան, ձեզ հանգիստ չթողնելը դեռ բավարար չէ պնդելու, որ Հանրային խորհուրդը գտնվում է իր դիրքի վրա: Հանրային մտահոգությունների մեծ շրջանակ, որոնց վերաբերյալ Հանրային խորհուրդը պարտիզանի լռությամբ է հանդես եկել, այ սրա մասին է խոսքը»: Փոխնախարարը նշեց, որ Հանրային խորհուրդը այն մարմինը չէ, որ հարկադրաբար ինչ-որ բաներ անի, այլ կամավորության սկզբունքով է աշխատում՝ խորհրդակցական մարմին է. «Թողեք՝ իրենք իրենց կամքով աշխատեն, մենք էլ տեսնենք, թե ինչպես են նրանք աշխատում»: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով էլ՝ Հանրային խորհուրդը վերջին այս տարիներին հազվադեպ է կենդանության նշաններ ցույց տվել. «Նրանց գործոնեությունը սահմանափակվել է այս կամ այն պաշտոնյայի հետ պրոտոկոլային հանդիպումներով, հեռուստախցիկների առջեւ գլխի թափահարումներով ու վերջ: Հիմա անդամների ու հանձնաժողովների թիվը ավելացվում է: Կառավարությունը բազմաթիվ մարմիններ ու հանձնաժողովներ ունի, նրանցից որեւէ մեկը չի՞ կարող իրակնացնել այն գործառությունները, որոնք անում է Հանրային խորհուրդը»: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ինքը սկեպտիկ չի վերաբերում այս մարմնին ու կարծում է, որ խորհուրդը արդյունավետ է աշխատում. «Հանրային խորհուրդը կազմավորվել է Սահմանադրությամբ»: Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ, օրինակ, գնաճի ու թանկացումենրի հետ կապված Հանրային խորհուրդը որեւէ արձագանք չի տվել: Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորվելու Հանրային խորհրդի նոր կազմը, եւ կոչ արեց բոլորին ներկայացնելու իրենց թեկնածուներին, իսկ ապա՝ հետեւել նրանց գործունեությանը, վերահսկել: