SpaceX ընկերության ղեկավարը տիեզերք է ուղարկել իր ավտոմեքենան (տեսանյութ)

SpaceX ընկերությունը դեպի տիեզերք է արձակել իր ամենամեծ «Falcon Heavy» հրթիռը Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Այն տիեզերք է տեղափոխել Tesla Roadster տեսակի սպորտային ավտոմեքենան:

Հրթիռն արձակվել է երեքշաբթի օրը Ֆլորիդայում գտնվող Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։

«Falcon Heavy»-ն բաղկացած է միմյանց կցված երեք հրթիռներից, որոնցից երկուսը, հետ վերադառնալով, հաջող վայրէջք են կատարել, իսկ երրորդը՝ ընկել օվկիանոսի մեջ:

Նշենք, որ «Falcon Heavy» հրթիռը պատրաստվել էր մարդկանց դեպի լուսին կամ Մարս մոլորակ տեղափոխելու համար, սակայն այժմ, ինչպես վկայում է ընկերության սեփականատեր Իլոն Մասկը, այն կօգտագործվի դեպի տիեզերք բեռներ փոխադրելու համար:

«Նախագիծն իրականություն դարձավ: Եթե այստեղ լինեիք, կտեսնեիք, թե ինչպես են հաջողությամբ վայրէջք կատարում երկու հրթիռները: Փառահեղ է: Կարծում եմ, որ սա երբևէ վերապրած իմ ամենաոգևորիչ պահերից է»,- ասում է «Space X» ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

Նշենք, որ Tesla Roadster ավտոմեքենան, որն այժմ տիեզերքում է, պատրաստված է մեկ այլ ընկերության կողմից, որի սեփականատերը ևս Մասքն է: Ավտոմեքենայի ղեկին տեղադրվել էր մանեկեն, իսկ ռադիոյով հնչել է Դեյվիդ Բոուի «Տարօրինակ դեպք տիեզերքում» երաժշտական գործը: