Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 տնտեսվարողներ խնդրել են փաստաբաններին՝ պաշտպանել իրենց «Աշտարակ կաթից» (տեսանյութ)

Հասարակություն
Ashtarak-kat

«Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը վաճառող տնտեսվարողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ընկերությունը 200 խանութպանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2015 թվականից գնված ապրանքների դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը, տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը։ «200 տնտեսվարողներ դիմել են մեր կազմակերպությանը, որպեսզի մենք պաշտպանենք նրանց շահերը։ Մեր նպատակն է, որպեսզի մյուս տնտեսվարողներն էլ գործարար շրջանառության մեջ ավելի զգոն լինեն, վստահությունը պետք է նշվի թղթի վրա՝ արձանագրության տեսքով»,- նշում է ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։ «Աշտարակ կաթ» ընկերությունը ապրանքների վաճառքի դիմաց տնտեսվարողներին անդորրագրեր չի տրամադրել։ Վերջիններս նշում են, որ նմանատիպ քաղաքականություն իրականացնում են գրեթե բոլոր ընկերությունները։ «Փոքր բիզնեսի տնտեսվարողները ապրանքի դիմաց վճարում են կանխիկ, հակառակ դեպքում ապրանք չեն տրամադրում։ Մեզ հաշիվ-ապրանքագիր չեն տվել, մենք գումարը կանխիկ տվել ենք առաքիչներին։ Բոլոր առաքիչները պատրաստ են վկայություն տալու, որ իրենք այդ գումարը մուծել են գանձապահին»,- փաստում է տնտեսվարող Լուսյա Հարությունյանը։ Տնտեսվարողները մտահոգություն են հայտնում, որ այս դեպքը կարող է օրինակ ծառայել մյուս ընկերությունների համար։ «Բոլոր ընկերություններից պահանջել եմ ակտ, որում նշված կլինի, որ ոչ մի պարտք ու պահանջ չունենք։ Կան ընկերություններ, որոնք հրաժարվում են այդ ակտը տրամադրել տարբեր պատճառաբանություններով»,-նշում է Էդուարդ Կոշտոյանը։ Տնտեսվարողների մի խումբ դիմել է իշխանություններին՝ աջակցություն ցուցաբերելու համար։