Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանն անհամբեր սպասում է «Հրազդան» ստադիոնի սնանկացմանը

Սպորտ
sport-naxarar-6.02..

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականին կառավարության կողմից ստացած 449 հանձնարարականներից կատարել է 397-ը: «52 հանձնարարականները դեռ ընթացքում են: Այնպես որ, դրանք կատարվում են եւ ուշացում չկա», - այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը նաեւ հավելեց, որ 2017 թվականին մեր մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են 201 մեդալ, ինչը 31-ով ավելին է նախանցած տարվա համեմատ: Սա մրցաշրջան-2017-ի համառոտ ամփոփումն է: Մանրամասնելով մասսայական սպորտի վիճակագրական տվյալները, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ անցած տարի տարբեր միջոցառումներին մասնակցել են պետական մարմինների 200 աշխատակիցներ,  73000 աշակերտներ, 1539 ընտանիքներ՝ 4617 իրենց անդամներով, 120 տարեց մարզիկ, 25 հազար բնակիչ, 3000 ուսանող, հատուկ դպրոցների 80 աշակերտներ, 120 հաշմանդամ եւ 63 խուլ-համր մարզիկ, 14՝ կույր շախմատիստ: Խոսելով մեծ սպորտի մասին, նախարարը հայտնեց, որ ըմբշամարտին հատկացվող պետական գումարներն ավելացել են, քանի որ ավելացել են քաշային կարգերը: Փհենչանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում մեր մարզիկները մարզազգեստի հետ կախված խնդիրներ չունեն, չնայած նրանք անդրադարձել են այդ հարցին: Բասկետբոլի տղամարդկանց առաջնության մասնակիցների թիվն այս տարի հասցվելու է 10-ի: Ծանրորդները խնդիրներ չունեն եւ պատրաստվում են աշխարհի առաջնությանը, թեեւ մեկ տարով որակազրկված են: «Ա1+»-ի նախարարից փորձեց պարզել, թե ինչու հանրապետությունում չի կառուցվում միջազգային չափանիշների աթլետիկայի վազքուղի, չնայած աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը բազմիցս դիմել է այդ հարցով՝ նշելով, որ ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել միջազգային ֆեդերացիան: Հրաչյա Ռոստոմյանն այդ կապակցությամբ ասաց. «Հայաստանում միակ տեղը, որն իր չափերով համապատասխանում է աթլետիկայի միջազգային վազքուղու պահանջներին, միայն «Հրազդան» մարզադաշտն է: Այսօր այդ օբյեկտը սնանկացման գործընթացի մեջ է եւ, ըստ օրենքի, ոչ մեկը չի կարող գումարներ ներդնել դրանում: Երբ որ ավարտվի այդ գործընթացը, ունենանք վերջնական որոշում, ես խոստանում եմ, հաջորդ 10 օրվա ընթացքում սկսել այդ աշխատանքները: Ֆինանսական ոչ մի խնդիր չկա, որովհետեւ մենք պետք է կատարենք ընդամենը 100-110 հազար եվրոյի ներդրում: Դա չնչին գումար է, այն դեպքում, որ պատրաստվում ենք 25-30 մլրդ դրամով նոր մարզաբազա կառուցել Ծաղկաձորում», - պարզաբանեց հայկական սպորտի թիվ 1 պատասխանատուն: