«Ոչ ոք տեղյակ չէ, թե համայնքի հողը ինչպե՞ս է վաճառվում եւ ո՞ւմ» (տեսանյութ)

Հողերի աճուրդ-վաճառքն  այլեւս փակ չի իրականացվի: Սահմանադրական դատարանը  հունվարի 30-ին բավարարել է  «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցը,  եւ հակասող ու անվավեր  ճանաչել  ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք էր սահմանված:

Հողերի վաճառքը փակ իրականացնելը կադաստրի ղեկավարների նախաձեռնությամբ է եղել: Համայնքներում հիմնական վաճառվող գույքը հենց հողն է, ոչ ոք տեղյակ չէր,  թե համայնքապատկան հողը ինչպե՞ս է վաճառվում  եւ ո՞ւմ, ասում է հետաքննող լրագրող  Սառա Պետրոսյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով, ցանկացած շահագրգիռ անձ պետք է կարողանա ներկա գտնվել աճուրդին, դիտարկել այն եւ լուսաբանել:

«Սահմանադրական դատարանն այս առումով՝ հաստատել է իր արդյունավետ պաշտպանության միջոց լինելու հանգամանքը: Այս դատական ակտը չափազանց կարեւոր է»:

Արտակ Զեյնալյանը նշում է, որ նման հարցերը պետք է լուծում ստանան հենց առաջին ատյանի դատարանում եւ չհասնեն Սահմանադրական դատարան:

«4 տարի ենք ծախսել, ռեսուրսներ ենք վատնել եւ դեռ վնասի հատուցում պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունն այս խախտումների համար»:

Փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով ՍԴ-ի որոշումը ազատ խոսքի վերաբերյալ որոշում է:

«Նրանք, ովքեր ցանկանում են համայնքի հողերը էժան վաճառել կոռուպցիոն եղանակով, կտրում են խոսքի ազատության ճանապարհը եւ  թույլ չեն տալիս լրագրողին կամ այլ շահագրգիռ անձի տեսնել,  թե ի՞նչ խախտումներով  է հողը կոպեկի գնով վաճառվում»:

Այս ոլորտում մասսայական կոռուպցիա է, օրենքի խախտում եւ ՍԴ-ն շտկեց այդ սխալը, եզրափակեց Արա Ղազարյանը: