«Ավտոդպրոցները վերացվել են, վարորդները վերապատրաստվելու տեղ չունեն» (տեսանյութ)

Մենք ունենք 2 առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները: Ճանապարհներին ավելի շատ զոհեր ենք ունենում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական մասը առաջանում է կամ ալկոհոլի չարաշահումից, կամ անփորձությունից, կամ էլ ճանապարհների անբարեկարգ լինելուց»:

Ըստ նրա՝վարորդ դառնալու համար պետք է հաղթահարել որոշակի փորձություններ: Ճիշտ է, մեր երկրում կարգավորված է վարորդական իրավունք ստանալու կարգը, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարորդները պարտավորված չեն որոշակի դասընթացների գնալու:

«Մեր առաջարկություններից մեկը կլինի, որ միջին և բարձր մասնագիտական ուսումնական հաստատություններում դասընթացներ անցկացվեն, ինչպես օրինակ՝ քաղպաշտպանությունն է»:

Միության նախագահ Տիգրան Հովհաննսիյանը գտնում է, որ խնդիրը կարելի է լուծել ավտոդպրոցների միջոցով:

«Մեզ մոտ ավտոդպրոցներն իսպառ վերացվել են: Չկա մի տեղ, որտեղ վարորդը կարող է վերապատրաստում անցնել»:

Տիգրան Հովհաննիսյանի պնդմամբ՝ պետք է ստեղծվեն արհմիություններ, որոնք կզբաղվեն վարորդների իրավունքներով: