Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը օրակարգից հանել. ԼՀ

Պաշտոնական
lusavor-hayastan

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հետևյալ խնդրի վերաբերյալ․ ԱԺ Պետական-իրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 05-ին երկրորդ ընթերցումից առաջ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաև այն լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով: Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը: -Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտում՝ առաջարկությունների ներկայացման ժամկետների չպահպանման մասով։ Մասնավորապես, Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Նշանակում է՝ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև հունվարի 08-ը։ Եվ անգամ եթե արձակուրդն ու հանգստյան օրերը հանենք, ստացվում է հունվարի 16-ը։ Նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում նախագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը: -              Կանոնակարգի 69-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Նախագծի լրացում ներկայացված քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ: -              Նախագծում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում։ Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին և հարակից դրույթները չէին կարող ներառվել Նախագծում, քանի որ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ԱԺ նախագահին առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել օրենքի խախտմամբ խորհրդարանի օրակարգ մտցված փոփոխություններով նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ։