Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը տեղեկություններ ունի՝ ցանկանում են գործ հարուցել (տեսանյութ)

Հասարակություն
volodya-avetisyan

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  տեղեկություններ ունի, որ իր նկատմամբ ցանկանում են քրեական գործ հարուցել:  Ընդամենը 9  ամիս առաջ կալանավայրից ազատ արձակված Վոլոդյա Ավետիսյանին  այդ մասին զգուշացրել են: «Ցանկանում եմ հայ ժողովրդին, հանրությանը տեղյակ պահել, որ նման բան կա:   Մինչեւ 13 թ.-ը նորից ինձ զգուշացրել էին, որ եթե չվերջացնեք պայքարը, այլ զարգացումներ կլինեն: Բնականաբար ձերբակալեցին եւ համոզվեցի, հավատացի: Հիմա իմ հեռախոսազանգերն են լսում, ինձ հետեւում են, դա ես զգում եմ»,- «Ա1+»-ին ասաց Վոլոդյա Ավետիսյանը: 2013 թ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր,  այնուհետեւ մեղավոր ճանաչվել խարդախության մեջ: Ըստ  քրեական գործի նյութի՝  նա  քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել` վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։  Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է պնդել՝ մեղադրանքը շինծու էր։ «Մենք տեսել ենք այդ ամենը, թե չեղած տեղից ինչպես են գործ հարուցում: Չի բացառվում, երկու հոգի գան հետս խոսեն, հետո գնան ասեն մի անօրինական բան էր ասում, ասենք՝ գնանք ուժով այս ինչը գրավենք, այն ինչը գրավենք, որը հանցագործություն է համարվում»: Կալանավայրից դուրս գալուց հետո Վոլոդյա Ավետիսյանը չի դադարեցրել պայքարը: Նա միացել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն  Հայաստան պետության ճակատին»:  Պահեստազորի գնդապետը հստակ գիտի, թե ինչու  իշխանությունը չի հանդուրժում իրեն. «Երբ որ արդար ես, չեն հանդուրժում, երբ ճիշտը խոսում ես, ասում ես անօրինականության մասին՝ իշխանության կողմից մեր երկրի նկատմամբ, չեն հանդուրժում: Նրանք հանդուրժում են նրանց, ում կարողանում են ուղղորդել»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը: «Հանուն  Հայաստան պետության ճակատ»-ի անդամին սակայն նախազգուշացումները չեն անհանգստացնում, ասում է՝  շարունակելու է պայքարը: