Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարատեի ֆեդերացիաները հերքում են պետական տեղեկատվությունը

Սպորտ
sport-karate

Հայաստանում գործող կիոկուշին կարատեի ֆեդերացիաները միավորվել են եւ ստեղծել ընդհանուր ասոցիացիա: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց կիոկուշին կարատե-դո ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը: «Անցած տարվա մայիսին տարբեր ֆեդերացիաների նախագահները համախմբվեցին եւ որոշեցին ստեղծել կիոկուշին կարատեի ասոցիացիա: Մեր նպատակն է կենտրոնացնել մեր բոլոր ուժերը, որպեսզի ավելի լավ համակարգենք այս ոլորտը, ունենանք որակյալ հավաքական եւ բարձր մակարդակով ներկայացնենք աշխարհին մեր երկիրը», - ասաց բանախոսը: Սակայն մամուլի ասուլիսի ընթացքում պարզվեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն է ֆեդերացիաներին հորդորել համախմբվել եւ ներկայանալ մեկ թիմով: Ավելին, նախարարության պաշտոնական կայքը անցած տարի տեղեկացրել է, որ Հայաստանի կիոկուշին կարատեիստներից մեկը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնության բացարձակ քաշային կարգում, սակայն մարզաձեւի ներկայացուցիչները նշեցին, որ դա ապատեղեկատվություն է, եւ որ 2017 թվականին նման մրցումներ չեն եղել: Ինչպես հայտնեց Սպարտակ Գասպարյանը, ասոցիացիան այս տարվա աշնանը անցկացնելու Հայաստանի կիոկուշին կարատեի անդրանիկ առաջնություն, որի արդյունքներով ստեղծվելու է ազգային թիմ, որը 2019 թվականին մասնակցելու է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: