Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չենք լուծում փախստականների խնդիրը՝ պահպանում ենք պատերազմական իրավիճակը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Mariam-Avagyan

Հայ փախստականների որևէ խնդիր մինչ օրս լուծված չէ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։ «Եթե չենք լուծում փախստականների խնդիրը, ապա պահպանում ենք պատերազմական իրավիճակը։ Եթե մեր իշխանություններն իրոք ուզում են խաղաղություն, ապա պետք է դուրս մղվեն արտաքին կառավարման համակարգից»։ Մարիամ Ավագյանը նշում է, որ Խորհրդային տարիներին ցեղասպանությունն այլ մեխանիզմներով դեռ ընթացքի մեջ էր, և եթե չլիներ արցախյան շարժումը, 1915-ի դեպքերը, նույն մասշտաբներով կլինեին նաև Ադրբեջանում։ «Մեր թերացումն այն էր, որ արցախյան շարժման հաղթանակին հաջորդեց պարտվողական քաղաքականությունը։ Մեր պետությունը զլացավ քաղաքական դաշտում որևէ ռազմավարություն մշակել»։ Մարիամ Ավագյանը նշում է, որ դեռևս 1990 թվականին մեր երկրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունել էր որոշում այն մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ կատարած գործողությունները ցեղասպանության շարունակությունն են։ Այդ որոշման մեջ հատուկ կետ է նշվում, որ ցեղասպանության շարունակությունը վտանգում է նաև տարածաշրջանում ապրող մյուս ժողովուրդների անվտանգությունը։ «3-րդ հանրապետության կյանքի ընթացքում մենք որևէ բան պետական մակարդակով չենք տեսել։ Այս տարի, հունվարին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով նորից ընդունվում է որոշում այն մասին, որ այն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում ցեղասպանություն է։ Այսպիսի թույլ որոշում ընդունելը կասկածի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը։ Արցախյան շարժման հաջողությունները ևս դրվում են կասկածի տակ»։