Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա անձնական, ոչ թե ՀՀ նախագահ-ՀՀԿ հարաբերությունների հարց է». Արման Մելիքյան

Քաղաքականություն
3def8f4a9d5d01f28ad34c6602845cc0

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման շուրջ «Ա1+»-ը զրուցեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: -Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով՝ Արմեն Սարգսյանն իրավունք ունի՞ առաջադրվել նախագահի պաշտոնում այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ նախագահի թեկնածուն վերջին 6 տարում լինի ՀՀ քաղաքացի և վերջին 6 տարում բնակվի ՀՀ-ում: -Այս հարցում մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ ՀՀ գործող իշխանությունների լեգիտիմությունը սեփական քաղաքացիների շրջանում, ըստ էության, զրոյական է: Դա հետևանքն է այն հանգամանքի, որ վերջին, մոտավորապես, քսան տարիների ընթացքում իշխանական խմբավորումն իր ձեռքին է պահել կառավարման լծակները, շնորհիվ ընտրական գործընթացներում կիրառվող կեղծիքի, թվային աճպարարությունների և կաշառատվության: Այսինքն, մեծ հաշվով, կամա թե ակամա, առայժմ ստիպած ենք հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանում գործում է ոչ թե օրինական, այլ դե-ֆակտո իշխանություն: Այդ դե-ֆակտո իշխանությունը ձգտելու է իր համար ապահովել լեգիտիմության բավարար պաշար և այդ ուղղությամբ կատարված քայլերից մեկն էլ պետության կառավարման ձևը փոխելուն ուղղված սահմանադրական «նորարարությունն» էր, որի արդյունքում էլ այժմ պարոն Արմեն Սարգսյանը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու պաշտոնական առաջարկ ստացավ: Այս առանձին գործընթացի օրինական լինել-չլինելու խնդիրն առանձին քննելն անիմաստ է, քանի որ Հայաստանում իշխող խմբավորման կողմից իշխանական համակարգի ձևավորման հետ կապված ողջ ընթացակարգն է նենգափոխվել՝ շատ տևական մի ժամանակահատվածի կտրվածքով, ինչի արդյունքում, ընդունված ցանկացած որոշման օրինականությունը, մեղմ ասած, խիստ կասկածահարույց է: Ես ավելի շատ կարևորում եմ այն, թե ինչպիսի հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանում իրապես լեգիտիմ իշխանություն ձևավորելու հեռանկարի տեսանկյունից և արդյոք պարոն Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու հանգամանքը կարող է դրական լինել այս համատեքստում, թե ոչ: Կարծում եմ, որ նա, առաջին հերթին, պետք է գիտակցի, որ ընդունելով Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկը, բոլոր դեպքերում, դառնալու է փաստացի դե-ֆակտո իշխանության մաս, և այդ համատեքստում, նրա թիվ մեկ մտահոգությունը պետք է այն լինի, որպեսզի իր լիազորությունների ու անձնական վարկի շնորհիվ ունեցած հնարավորություններն ուղղի այս գերխնդրի լուծմանը: Դա, ամեն դեպքում, իր անձնական որոշումն է լինելու, որը նա պետք է ներդաշնակեցնի իր խղճի ու պետության ապագայի հետ կապված սեփական պատկերացումների հետ: -Կարո՞ղ է արդյոք ոչ կուսակցական նախագահի թեկնածուն չլինել իշխող կուսակցության քաղաքական գծի կրողը: -Ես չեմ դիտարկում ՀՀԿ կառույցը որպես համատեղ ջանքերով մշակված քաղաքական գծի համար պատասխանատու մարդկանց համախումբ: ՀՀԿ-ն իշխանական խմբավորման չինովնիկների և գործարարների կազմակերպություն է, որի շրջանակներում, կարծես թե, որոշումներ կայացնելու մեխանիզմը կոլեգիալություն գործնականում չի նախատեսում: Ուստի, Արմեն Սարգսյան-ՀՀԿ հարաբերությունները պետք է դիտարկենք նախ և առաջ Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան հարթությունում: Եթե այս հարթությունում անամպ լինեն հարաբերությունները, ապա ՀՀԿ շարակազմն էլ Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված խնդիրներ չի հարուցի և դժգոհություն չի արտահայտի: Ասածս այն է, որ սա առաջին հերթին անձնական, այլ ոչ թե ՀՀ նախագահ-ՀՀԿ հարաբերությունների հարց է լինելու: Մնացյալը կրկին պարոն Արմեն Սարգսյանի որոշելիքն է, իր անձնական ընտրության հարցը: -Ինչ ակնկալիքներ ունենալ Արմեն Սարգսյան նախագահից: -Գոնե ես, որ համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը կիրթ, կայուն համոզմունքներ ու լուրջ կենսափորձ ունեցող անձնավորություն է, որն այսօր պետք է կայացնի, թե Հայաստանի, թե սեփական ապագայի տեսանկյունից կարևոր որոշում: Մաղթում եմ իրեն, որ ճիշտ գնահատի սեփական ուժերն ու ներհայաստանյան իրողությունները: Ակնկալիքների մասով` մի շարք նկատառումներից ելնելով գտնում եմ, որ նա անձնապես կարող է կարևոր դերակատարում ունենալ հատկապես այն դեպքում, եթե Հայաստանը թևակոխի իշխանափոխությամբ հղի ցավալի ներքին անհանգստությունների շրջափուլ: Բայց այս վերջին դիտարկումս, անշուշտ, առայժմ տեսականի ոլորտից է: