Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիա, ընտրակեղծիք, օֆշոր. «Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի». ցուցահանդես (տեսանյութ)

Հասարակություն
mediamart

Այսօր Սարգիս Մուրադյան պատկերասրահում բացվեց «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը։ Այն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի թվով երկրորդ ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսն իր ձևի մեջ եզակի է։ Այն հնարավորություն է տալիս այցելուին դառնալ լրագրողական արկածի մի մաս։ «Լրատուն» թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը նշում է. «Սա մուլտիմեդիա ցուցահանդես է։ Այս նկարները, որոնք տեսնում եք, դրանք ծաղրապաստառներ են։ Դրանք վառ բնութագրում են յոթ ոլորտներ, որտեղ կոռուպցիան տարածված է։ Սակայն, սրանք ընդամենը պատուհանիկներ են, հուշումներ, իրական ցուցահանդեսը  կգտնեք էկրանների մեջ։ Հիմնական բովանդակությունը հենց դրանց մեջ է»։ Անկախ Հայաստանի մեդիայի պատմության մեջ կոռուպցիոն սկանդալների պակաս չի եղել՝ ընտրակեղծարարությունից մինչև օֆշորային բացահայտումներ։  Ցուցահանդեսի հեղինակները առանձնացրել էին յոթ կոռուպցիոն սկանդալ։  «Սա կոռուպցիայի լուսաբանման պատմությունն է վերջին քսանհինգ տարիների մեջ։ Մենք ինքներս շատ քիչ բան ենք ստեղծել, այլ փորձել ենք հավաքագրել այդ ամենը, ձևավորել և փորձել ենք մատուցել ձեզ»,- ասում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը ևս ներկա էր ցուցահանդեսին։ Նա նշում է՝ այս ցուցահանդեսի բացումը ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանում կա անկախ մեդիա, որը կարող է լուսաբանել կոռուպցիայի հետ կապված խնդիրները։  Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ մեդիայի պատմության մեջ եղել են և՛ ձախողման և՛ հաջողության պատմություններ։ Մեդիան ուժ ունի և ցուցահանդեսը միտված է բարձրացնելու լրագրության դերը հասարակության մեջ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 18-ը։