Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարությունում որեւէ ճաշարան չի գործել առ այսօր, պա՞րզ է ամեն ինչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
davit

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համամիտ չէ, որ «Պետական կառավարման մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» օրինագծերը, որոնցով ապրիլից ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ մի շարք այլ կարեւոր գերատեսչություններ պետք է անցնեն վարչապետի ենթակայության տակ, ավտորիտարիզմի տանող ճանապարհ են. «Կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի հատկապես այդ կառույցների աշխատանքի համար, դա կարող է լինել որեւիցե նախարար, դա կարող էր լինել վարչապետը: Տվյալ դեպքում կարգավիճակը բարձրացված է՝ քաղաքական պատասխանատվությունն իր ուսերին վերցնում է վարչապետը»:             Ըստ նրա՝ երբ այս գերատեսչություններն ընդամենը Կառավարությանն առընթեր մարմիններ էին, նրանք չունեին անձնավորված քաղաքական պատասխանատուներ: Նույն կերպ, Դավիթ Հարությունյանը մեկուսացման փորձ չհամարեց նաեւ նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհրդի կազմից ԱԺ նախագահի, Գլխավոր դատախազի եւ ՀՀ նախագահի բացակայությունը.  «Անվտանգության խորհուրդը ի տարբերություն նախկին մոդելի, որը այս պահին դեռ գործում է մինչեւ ապրիլի 9-ը, այն ենթադրում էր խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալ ՀՀ նախագահին, տվյալ դեպքում ԱԽ-ն դառնում է բացարձակապես այլ մարմին, որը որոշում է երկրի պաշտպանության հետ կապված կարեւորագույն հարցերը, քաղաքականությունը: Ընդ որում, ի տարբերություն նախկինի, այն ընդունում է որոշումներ, որոնք ունենում են իրենց հետեւանքները»:             Նա անդրադարձավ նաեւ 3 փոխվարչապետերի լիազորություններին՝ նշելով, որ դրանք բաշխելու է վարչապետը.  «Մեկ հարցում է ավելի ընդլայնված նրա լիազորությունները, հենց դրանով է նա առաջին փոխվարչապետ, որ նա փոխարինում է վարչապետին՝ նրա բացակայության ընթացքում»:             Արդարադատության նախարարին ակնհայտ դուր  չեկավ հարցը, թե նախարարության շենքում գործում է սրճարան, որը գրանցված է նրա մտերիմների անունով: Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ մասին պաշտոնական պարզաբանում է հրապարակվել. «Նախարարությունում որեւէ ճաշարան չի գործել առ այսօր, պա՞րզ է ամեն ինչ»: Նա չպատասխանեց նաեւ ՔԿՀ նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկության մասին հարցին՝ ժամանակի սղության պատճառաբանությամբ: