Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միակ ապացույցը, որ Արմեն Սարգսյանը կապ չունի, կլինի նրա աջակցությունը Ամուլսարի հարցով»

Հասարակություն
Gegham-Ohanyan

«Ցավով պիտի նշեմ, որ 27 անկախ տարիների ընթացքում, մենք մի դաս շատ լավ ենք սերտել՝ քաղաքական գործչի խոսքին չհավատալ: Եվ դա մենք սովորել ենք ոչ թե ինքնակամ, ոչ թե ուղղակի, այլ՝ պարտադրված: Ցանկացած իշխանության և ընդդիմության ներկայացուցիչ եկել է խոստումներով և հեռացել՝ ժողովրդին թողնելով խաբված»,- խոսելով «Շանթ» հեռուստաընկերությանը ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի՝ երեկ տված հարցազրույցի մասին՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի բնության համար պայքարող, Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի Գեղամ Օհանյանը: «Մենք փաստեր չունենք, որը կապացուցի Արմեն Սարգսյանի և այս աղետալի հանքի կապը, և դա բնական է, քանի որ ցանկացած նման մասշտաբի գործունեություն իրականացվում է հնարավորինս թափանցիկ ձեռքերով: Ամեն պարագայում, միակ ապացույցը, որ նա կապ չունի այդ հանքի հետ, կլինի նրա աջակցությունն ու մասնակցությունը հանքի շահագործման դեմ տարվող հանրային ըմբոստությանը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ նախօրեին նախագահի թեկնածուն վերոնշյալ հարցազրույցում հերքել էր իր կապը Լիդիան ընկերության գործունեության հետ՝ ասելով. «Ես, իմ ընտանիքի որևէ անդամ, ընտանիքի հետ կապված որևէ կազմակերպություն, ընկերություն, երբեք՝ նախկինում, այսօր և, ամենայն հավանականությամբ, վաղը այդ ընկերության բաժնետեր չեն եղել և չեն լինելու և չեն: Սա կարճ ձևակերպումն է: Շատ հստակ: Երկրորդ՝ եթե ուզում եք բացեմ այս պատմությունը, կարող եմ ասել. «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ... Դուք կարող եք գուգլ անել և տեսնել՝ արդյոք ես եղե՞լ եմ բաժնետեր կամ ինչ-որ մեկը՝ ինձ հետ կապված: Կարող է որևէ մեկը հարցում անել «Լիդիանին» կամ Կանադայի համապատասխան մարմիններին՝ արդյոք Արմեն Սարգսյանը, իր որդիները, կինը կամ հորաքրոջ տղան, հորեղբոր որդին կամ որևէ ընկերություն կապված բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ: Եվ պատասխանը լինելու է՝  «ոչ»... «Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ՝ Կարինե Ղազինյանը՝ որպես դեսպան, և «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը... Ես եղել եմ խորհրդատվական մարմնի 8 անդամներից մեկը և այդ խորհրդում եղել եմ 3 ամիս»: