Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհում առաջին բաս քանոն ստեղծողը հրաժարվում է կիթառ սարքել

Մշակույթ
Albert-Zaqaryan

Մասնագիտությամբ ինժեներ Ալբերտ Զաքարյանն  ազգային լարային նվագարաններ պատրաստող եզակի մարդկանցից է։ «Ինձ ոչ ոք չի սովորեցրել։ Ես ուղղակի իմացել եմ թառ նվագել, երաժիշտ եմ, կարողանում եմ տարբերել նոտաները։ Զգալով այդ գործիքի հնչերանգը՝ ես կարողանում եմ պատրաստել այն»։ Վարպետ Ալբերտի պատրաստած առաջին թառը, ինչպես ինքն է ասում, հնչում էր, բայց բանի պետք չէր։ «Առաջինը շատ տգեղ սարքեցի, բայց բավականին թավ ձայն ուներ։ Այդ թավ ձայնն ինձ ասաց շարունակիր, չխեղճանաս։ Ես էլ շարունակեցի այս արվեստը, կամաց-կամաց հասցրի մաքսիմումի։ Իմ առաջին թառը քանի որ շատ տգեղ էր, նույն ուրագով, որով որ սարքել էի, ջարդեցի»։ Պատրաստի գործիքներն առաջինը հենց նա է ստուգում։ Ճիշտ է, պատվիրատուները շատ չեն, բայց վարպետը չի մտահոգվում, քանի որ գործիքները պատրաստում է հաճույքի համար, պատվիրատուն էլ  հետո  կգտնվի։ «Եթե մտածես գումար աշխատելու մասին, գործդ առաջ չի գնա։ Անընդհատ կատարելագործել եմ, նույնությամբ առաջ գնալ չի լինում»։ Ալբերտ Զաքարյանը կատարել է մի շարք նորարություններ, որոնք աշխարհում առաջինն էին։ «Արա Գևորգյանի մտահաղացմամբ ստեղծեցինք նոր գործիք՝ բաս քանոն։ Դա հնչողությամբ բոլորովին նման չէ քանոնին, միայն արտաքին տեսքով է նման»։ Չափերով ավելի փոքր թառեր էլ պատրաստում է նաև 10-12 տարեկան երեխաների համար։ Բայց նա նշում է, որ այդ նույն երեխաները հետաքրքրված չեն բուն պատրաստման գործընթացով։ «Այսօրվա երիտասարդը համակարգիչ ունի ու զբաղվում է նոր տեխնոլոգիաներով, սա էլ իմ տեխնոլոգիան է»։ Վարպետն էլ իր հերթին չի պատրաստվում ընդառաջ գնալ  պահանջին։ Ասում է՝ երբեք կիթառ չի  պատրաստի, քանի որ  այն ազգային չէ։