Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը փորձում է լարել ՀՀ-ՌԴ հարաբերությունները. փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-qocharyan

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ստորագրահավաքը՝ ուղղված նացիզմի խորհրդանիշների վերացմանը հետխորհրդային երկրներում, որտեղ ներառված է նաև  Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը, ադրբեջանամետ փորձագետների աշխատանքի արդյունքն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: «Ռուսաստանի Դաշնությունը միատարր երկիր չէ և ունի տարբեր խմբավորումներ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, եւ նաեւ կա մի խումբ, որն ապրում է խորհրդային միության կարոտախտով: Այդ իսկ պատճառով փորձում են քայլեր ձեռնարկել, որ ավելի շատ երկրներ լինեն Ռուսաստանի անմիջական ղեկավարման տակ: Վերջին 2-3 տարվա ընթացքում փորձ է արվում Ադրբեջանին ներգրավել ԵԱՏՄ շարքերում: Ադրբեջանը, հասկանալով, որ դա բավականին լավ միջոց է Հայաստանին նյարդայնացնելու և իր հարցերը լուծելու համար, սկսել է խաղուպար անել: Որոշ ռուս փորձագետներ հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ներգրավվեն ԵԱՏՄ-ի մեջ, և Ռուսաստանը կորոշի, թե Արցախի և այլ հարցեր ինչպես են լուծվելու, այսինքն՝ Ռուսաստանը կկառավարի հայ- ադրբեջանական հարցերը»: Ըստ Տիգրան Քոչարյանի, Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են «Իզբորյան« ակումբի մարդիկ՝ Տարաս Շևչենկո, Սերգեյ Մարկով: «Նրանք մարդիկ են, որոնք պրոադրբեջանական ուղղվածություն ունեն, և Ռուսաստանի քաղաքական ու մեդիա դաշտում զբաղված են ադրբեջանական լոբբիով»: Ընդդեմ ֆաշիզմի հերոսացման ստորագրահավաքը Ռուսաստանում խորամանկ ձևով է իրականացվել: Ըստ  փորձագետի, օնլայն ստորագրահավաքի տեքստը գրել է Ալեքսանդր Փերենջիևը, որը Գարեգին Նժդեհի անունը ներառել է ընդհանուր ցանկում: Բնականաբար, մարդիկ մանրամասների մեջ չխորանալով՝ ստորագրում են դրա տակ և ստացվում է, որ ռուսները Նժդեհի արձանն են պահանջում հանել։ Քոչարյանը նկատեց, որ պետք է առավել զգոն լինել նման տեղեկատվական հոսքերի նկատմամբ և չնպաստել ադրբեջանական քարոզչությանը: