Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդի հրամանատարին հարվածելու գործը կարճվել է (տեսանյութ)

Հասարակություն
david-exiazaryan

7  ամիս  առաջ «Սասնա ծռեր»-ի դատավարության օրը՝  Ավանի դատարանի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առիթով հարուցված գործերից մեկը  չի հասնի դատարան։ Նախաքննության փուլում այն կարճվել է.  « Ճիշտն ասած չհասկացա, թե գործ բացելու եւ հետո կարճելու իմաստը ո՞րն էր»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Եղիազարյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը,  մեղադրվում էր ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանին հարվածելու մեջ:  Բայց  մեղադրյալի կարգավիճակ չի տրվել։  Նա գործով որպես վկա էր ներգրավված,  երկու անգամ հարցաքննվել է: Մեկ անգամ էլ առերես հարցաքննություն է տեղի ունեցել  գնդապետ Խաչատուր Ավետիսյանի հետ.     «Տուժողն ասում էր, որ ես անհայտ պատճառներով իրեն հրել եմ, բայց ինքը ցավ չի զգացել: Ըստ էության՝ ինքն իր ասածին հակասեց, եթե հրեի, պիտի ցավ զգար: Իրականում ես իրեն հպվել էի, որ ուշադրություն գրավեի: Փորձում էի կանխել իր եւ իր ենթակաների կողմից ապօրինությունները»: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց։ «Պարզ էր դառնում, որ ինչ- որ օպերացիա էին  կազմակերպել: Հունիսի 28-ն էր  ներսում տղաներին էին ծեծել, այդ թվում նաեւ եղբորս, դրսում էլ  ինչ -որ առիթ գտան բռնություն կիրառելու եւ ինձ բերման ենթարկելու»,- ասում է Դավիթ Եղիազարյանը:    Դեպքից 11 օր անց  էր  հարուցվել քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: «Բայց մինչեւ գործի կարճվելու պահն էլ պարզ չդարձավ, թե ում գործողություններից է նա տուժել եւ ընդհանրապես ինչի տուժողն էր ինքը»,- հավելում է «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրը: Այս գործով  կասկածյալ այդպես էլ չի ներգրավվել։