Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատանքային օրենսգրքի վերջը ե՞րբ ենք տեսնելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj-5

Գործատուն աշխատանքի կազմակերպման ժամանակ նախապատվությունը պետք է տա զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքի անդամներին՝ ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ՝ քրոջն ու եղբորը, եթե նրանք տան միակ աշխատողն են: Սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: «Եթե ընդունում եք, որ այսօր զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները ՀՀ-ում աշխատանքի ոլորտում չունեն պաշտպանվածություն, եթե ընդունում եք, որ այս նախագիծը բյուջեին որեւէ կերպ բեռ չի հանդիսանում, ո՞րն է տրամաբանությունը՝ մերժել»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:   «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների համոզմամբ՝ այս նախագիծը բխում է նաեւ «Ազգ-բանակ» հայեցակարգից: Կառավարությունը դեմ է՝ պատճառաբանելով, որ իրենք եւս օրենսգրքում փոփոխություններ են կատարել, փաթեթով ներկայացրել են ԱԺ, որով բոլոր հարցերին համալիր լուծում են տալու: «Դուք պնդեցիք, որ Կառավարությունը գողացել է ձեր օրենսդրական նախագիծը», նկատեց  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:  «Ես այդպիսի արտահայտություն չեմ արել, խնդրում եմ՝ իմ արտահայտությունները վերարտադրել բառացի, տառացի. ես ասացի՝ հարգում եմ անմեղության կանխավարկածը, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Կառավարությունն այս նորամուծությունը ներդրել է մեր առաջարկությունից հետո»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը:     Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի վստահեցմամբ՝ իրենք ավելի լայն լուծում են առաջարկում՝ ոչ միայն զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքների անդամներին նախապատվությունը տալ, այլեւ հենց հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին: Գեւորգ Պետրոսյանին քննարկումների այս ընթացքը բարկացրեց. ըստ նրա՝ բուն թեմայից փորձ է արվում շեղել, այն է՝ քննարկել ոչ թե իրենց, այլ Կառավարության նախագիծը: «Պարոն Պետրոսյան, դուք եք սկսել Կառավարության նախագծի քննարկմանը զուգահեռ»,- նշեց Հակոբ Հակոբյանը: «Կներեք, կարելի՞ է շարունակել... Ես ընդամենը ասացի, որ Կառավարությունը մերժել է մեր նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ ապագայում ինքն անդրադառնալու է այս հարցին: Ներողություն համեմատությանս համար՝ Բաբելոնյան աշտարակաշինության պրոցես հիշեցնող Աշխատանքային օրենսգրքի վերջը ե՞րբ ենք տեսնելու»,- հետաքրքրվեց Գեւորգ Պետրոսյանը: «Մեր՝ Կառավարության հիմնավորման մեջ, չկա այնպիսի պատասխան, որ նախագիծը հակասում է կամ խտրական վերաբերմունքի է արժանի, այլ ես ընդամենն ասացի, որպեսզի մենք ունենանք համապարփակ կարգավորում, մենք մեր լուծումներն ենք առաջարկել, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին»,- պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թադեւոս Ավետիսյանը: ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայնեց հետաձգել Աշխատանքային օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը՝ պայմանով՝ եթե մեկ ամիս անց Կառավարությունը կրկին ձգձգի իր նախագծի ներկայացումը, հանձնաժողովի նիստում ընթացք տան «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը: