Եվրամիությունը պահանջում է փակել ատոմակայանը (տեսանյութ)

Ատոմակայանը հնարավորիս շուտ պետք է փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որ համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

«Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ Հայաստանի համար կարեւոր է էներգետիկ անվտանգությունը եւ  հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Դիրկ Լորենցը Հայաստանի համար առաջնային է համարում անկախ դատական համակարգի ներդրումը եւ պայքարը կոռուպցիայի դեմ: «Մենք այստեղ ենք, որպեսզի մեխանիզմներ մշակենք իրավիճակը բարելավելու համար»:

Դիրկ Լորենցը եւ Եվրամիության այլ ներկայացուցիչներ այս օրերին Հայաստանում են՝  քննարկելու,  թե ինչպե՞ս են կյանքի կոչելու Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները, մասնավորապես քննարկվելու են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերը: Համաձայնագրով նախատեսված է, որ Հայաստանը ի կատար է ածելու Եվրամիության օրենսդրական նորմերն՝  այս ոլորտներն արդիականացնելու նպատակով: Դա իրականացնելու համար կպահանջվի 2-5 տարի:

«Այսօրվա հանդիպումը շատ գործնական է լինելու, հստակ քայլեր են մշակվելու, որպեսզի Հայաստանի քաղաքացին շոշափելի արդյունք տեսնի էներգախնայողության, վերականգնվող  էներգետիկայի, ճանապարհային անվտանգության բարելավման ոլորտում», հավելեց Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը: