Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախթալայի պոչամբարը միջազգային խնդիր կարող է առաջացնել (տեսանյութ)

Տնտեսություն
astxik

Հանքարդյունաբերությունը շարունակում է վտանգավոր մնալ Հայաստանի բնության համար։ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող  լեռնահարստացման կոմբինատը  թունավոր պոչամբարներով  շարունակում է  անարգել աղտոտել Դեբեդ գետը: Լոռու մարզի  բնակիչները մշտապես ահազանգում են Ախթալայի պոչամբարի վտանգների մասին. այնտեղ տարածվում է գարշահոտություն, կենդանիները ընկնում են պոչամբարը, բերքը աղտոտված է ծանր մետաղներով և թունաքիմիկատներով։ Ըստ բնապահպանների՝ Հայաստանում բոլոր հանքավայրերը արտանետում են թունաքիմիկատներ և աղետալի վնաս հասցնում բնությանը։  «Էկոլոգիական իրավունք» ՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը նշում է. «Մի հատիկ հանքավայր ցույց տվեք, որը իրականացնում է թափոնների նորմալ կառավարում, որի պոչամբարները արտահոսքեր չունեն, չեն լցվում գետերը։ Գետը աղտոտեցին, ասում եք հանձնարարական ուղարկեցիք, դադարեցվեց, արդյո՞ք աղտոտելուց հետո ընկերությունը մաքրեց այդ գետը»։ Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պնդում է, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անդառնալի հետևանքները մեծ խնդիր կարող են առաջացնել ոչ միայն բնապահպանական, այլ նաև քաղաքական դաշտում։ «Լցվում է Դեբեդ գետը, էստեղ միջազգային խնդիր կարող ենք ունենալ, երբ վրացիները հայտնաբերեն, որ մենք այդ ամբողջ թունաքիմիկատները ուղարկում ենք իրենց տարածք», -շեշտում է Գևորգ Գորգիսյանը։ Բնապահպանները կարծում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աղտոտումների մասին  կառավարությունն ու բնապահպանության նախարարությունը տեղյակ են, սակայն թաքցնում են և իրականությունը չեն ներկայացնում։ Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, խորհրդական Մարզպետ Քամալյանի՝ իրենք ոչինչ չեն թաքցնում. «Մենք այդպիսի խնդիր չունենք թաքցնելու։  Ինչ վերաբերում է վնասների վերականգնմանը, մենք շարժվում ենք այնպես, ոնց օրենսդրությամբ կա, եթե վթար է լինում, ասում ենք՝ պետք է այսքան վճարես։ Եվրոպական երկրներում այլ սկզբունք կա, այնտեղ վերակագնում են վնասները»։ Ըստ Մարզպետ Քամալյանի՝ բնապահպանության և ընդերքի պահպանման տեսչությունն այս տարի նախատեսում  է Գերմանիայի բնապահպանության նախարարության հետ մշակել շրջակա միջավայրին հասցրած վնասների փոխհատուցման օրենքի նախագիծ, որտեղ տուգանքների փոխարեն մեղավորները պարտավորված կլինեն վերականգնել հասցված վնասները։