Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում Սաակաշվիլիի գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է. aliq.ge

Քաղաքականություն
saakashvili

Երևանի թանգարաններից մեկում մյուս ամսվա սկզբին նախատեսված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է։

«Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ նախապես համաձայնության էր եկել, վերջինս որևէ առարկություն չէր ունեցել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունվարի 25-ին միջոցառում էր բացվել, որը կարճ ժամանակում հետաքրքրություն էր առաջացրել։ Սակայն արդեն մեկ օր անց հայտարարվեց միջոցառման չեղարկման մասին։ «Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը և ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության և մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»,-ասվում է գրառման մեջ: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը «Ալիք մեդիային» ասում է, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը։ «Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել: Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա ևս այդ շարքին պատկանող դեպք է»,-ասում է Նահապետյանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է, բացի այդ, նշվում է նրա հակահայ քաղաքականության մասին։ Ի դեպ, վերջին տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունն արգելել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի բակում ստալինյան ռեպրեսիաների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը։