Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարոլին Վոզնյացկին ներողություն է խնդրել մրցակցից՝ նրան հաղթելու համար

Սպորտ
a1tenis

Կարոլին Վոզնյացկին այն հազվագյուտ թենիսիստուհիներից է, որը «Մեծ սաղավարտի» մրցումներում չտանելով ոչ մի հաղթանալ, կարողացել էր դառնալ աշխարհի առաջին ռակետ (2010-12թթ): Եւ ահա այսօր, դանիացի մարզուհին, վերջապես վերացրեց այդ բացը եւ լռեցրեց իր քննադատներին: 27-ամյա թենիսիստուհին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց ռումինուհի Սիմոնա Հալեպին եւ առաջին անգամ տիրեց «Մեծ սաղավարտի» մրցանակին: Եզրափակիչ խաղից հետո Կարոլին Վոզնյացկին հուզմունքից լաց է եղել, նույնիսկ երկու անգամ ներողություն է խնդրել մրցակցին՝ նրան հաղթելու համար: Պատճառն այն է, որ դանիացի թենիսիստուհին այդ հաղթանակով Սիմոնա Հալեպին զրկեց ոչ միայն Ավստրալիայի չեմպիոնի կոչումից, այլեւ աշխարհի առաջին ռակետի իրավունքից: Հավելենք, որ եզրափակիչ խաղն անցել է 30 աստիճան տաքության պայմաններում: Այն տեւել է 2 ժամ 50 րոպե: Սիմոնա Հալեպը շոգ եղանակի պատճառով երկրորդ սեթում դիմել էր իր բժշկին, սակայն առաջին օգնություն ստանալուց հետո շարունակել էր պայքարը: