Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի դատախազությունը քրեական գործ է հարուցել բեզոարյան այծի սպանության համար

Պաշտոնական
dataxaz

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն և կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 24-ին «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱ կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայություն իրականացնելիս «Աջաբաջ» կոչվող բնակավայրին հարակից տարածքից հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ «բեզուարյան այծ», որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և դրա որսն արգելված է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են խոշոր չափի վնաս պատճառած՝ արգելված կենդանու նկատմամբ ապօրինի որս կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը: