Զարուհի Փոստանջյանը կդիմի ՄԻԵԴ (տեսանյութ)

 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Հայաստանի Հանրապետության թալանին:  Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է  ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին:

 «Այս անձը խառնված է Ամուլսարի  գործարքին, կապ ունի  Ամուլսարի գործարքի հետ, բացի այդ, մեզ համար անհասկանալի է, թե այս մարդը ինչպես է դարձել միլիոնատեր:  Եղել  է  ՀՀ դեսպանը եւ լինելով պետական պաշտոնյա, այդ պաշտոնում  նա իրավունք չուներ զբաղվելու պետական ձեռնարկատիրությամբ: Այստեղ կան շատ հարցեր եւ պարզաբանումների կարիք կա, թե լինելով տարբեր կազմակերպությունների մեջ որպես ղեկավար մարմնի անդամ ինչպես է համատեղել դեսպանի գործունեությունն այդ ղեկավարման հետ»:

Գործող սահմանադրությամբ իրականացվող փոփոխությունը «Երկիր Ծիրանի»-ին համարում է անօրինական։ Զարուհի Փոստանջյանը  հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են կեղծված հանրաքվեի  արդյունքում։ « Բոլորիս է հայտնի, որ մենք չունենք սահմանադրություն եւ այդ սահմանադրության ներքո այսպիսի նշանակումները նույնպես ապօրինի են»:

  « Երկիր Ծիրանի»  կուսակցությունը պատկերացնում է ՀՀ-ում  փոփոխությունները միմիայն համահայկական ընդվզման միջոցով: Բայց կուսակցությունն արդեն խոչընդոտների է հանդիպում, նույնսիկ ՀՀ սահմանը հատելուց հետո։  Հունվարի 21-ին արգելվել է Զարուհի  Փոստանջյանի մուտքը  Վրաստան։ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Վրաստան իր մուտքի արգելքի պատճառը ՀՀ իշխանություններն են:  ՀՀԿ խմբակցվության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին չէր զարմացրել մեղադրանքը, բայց համարել էր  անհիմն։ Նա նաեւ խոստացել էր զբաղվել այս հարցով. «Վահրամ Բաղդասարյանը դեռ իշխանություն չէ: Ես նրան իշխանություն չեմ համարում, չեմ ճանաչում, որ նրան դիմեմ, երկրորդը՝ պարզաբանում պահանջել եմ ըստ ընթացակարգի»,- ասում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:

Մասնագիտությամբ փաստաբան Զարուհի Փոստանջյանը  մտադիր  է այս հարցով հասնել մինչեւ Եվրադատարան։