Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա լուռ համաձայնություն` Թուրքիայի, Սիրիայի և միջազգային ուժերի միջև (տեսանյութ)

Քաղաքականություն
syria

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանը վախենում է  քրդերից, ովքեր պետություն են ուզում ստեղծել Իրաքի և Սիրիայի միջև։  Ըստ արաբագետ Հայկ Քոչարյանի՝  հենց սա է  Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողությունների պատճառը։  Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը՝ ռմբակոծելով գյուղերը։ Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահեցնում է, որ առիթը հայտնի  «ամերիկյան ծրագիրն» է, որով նախատեսվում է Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ ստեղծել 30-հազարանոց սահմանապահ քրդական զորամիավորում։ Էրդողանը մեղադրում է Նահանգներին` «ահաբեկչական բանակ» ստեղծելու համար: «Սա արդեն չէր կարող անտեսվել Թուրքիայի կողմից, քանի որ երեսուն հազարանոց քրդական բանակը ակնհայտ վտանգում էր թուրքական շահերը տարածաշրջանում  և հետևաբար Թուրքիան անցավ ակտիվ գործողությունների»,-ասում է արաբագետը։ Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը իր տարածք, սակայն անմիջական դիմադրություն թուրքական ուժերին ցույց չի տալիս, ինչը երկու երկրների միջև համաձայնության մասին է վկայում։  Ըստ Հայկ Քոչարյանի`  լուռ համաձայնություն կա նաև միջազգային խաղացողների մեջ։ Մերձավոր Արևելքում Քրդստանի, Սիրիայի հարցով բանակցային սեղանին նստելուց առաջ միջազգային ուժերը իրենց շահերն ունեն։ Վերջիններիս պետք է այս պահին թուլացնել քրդերին և Սիրիայի ընդդիմադիր ուժերին։ Ռուսաստանի պասիվությունը  պատճառ է դարձել քրդերի բողոքի, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Թուրքիայի հետ համաձայնության համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ Ֆրանսիայի պահանջով արտակարգ նիստ գումարեց, որտեղ Թուրքիային զսպվածության կոչ արեցին։ Փոխարենը Թուրքիան սպառնում է Աֆրինից հետո հարձակվել հարևան Մանբիջի վրա։ Այժմ ռազմական գործողությունները ակտիվ շարունակվում են։  Ըստ մամուլի հրապարակումների՝ թուքրական տանկերը Աֆրին շրջանում գրավել են քրդական 69 գյուղ, հայտնի է առնվազն 20 խաղաղ բնակչի մահվան մասին, գյուղերը շարունակվում են գնդակոծվել: