Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ նկուղներից մեկում. Ամատունի Վիրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
ruz

Առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան առաջին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն լեզվով, քանի որ փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, հարյուր տոկոսով ռուսերեն են։ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է 1937-ին՝ ներկայիս ԱԱԾ նկուղներից մեկում և միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը։ Սա այն չորս աշխատություններից մեկն է, որ Հայաստանի հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը։ Երկրորդ աշխատությունը՝ Հայաստանի հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի։ Ամատունի Վիրաբյանի խոսքով սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության և յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը։ 2018-ը նաև առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակն է։ Հայաստանի ազգային արխիվը, Ռուսաստանի գործընկերների հետ համատեղ, պատրաստում է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1914-ից 1918 թվականներին» ժողովածուն այն մասին է, թե պետականություն չունենալու պայմաններում եկեղեցին ինչ հսկայական դերակատարում է ունեցել։ Բացի փաստաթղթերի հրապարակումներից, ապրիլին կկազմակերպվեն նաև  փաստաթղթերի ցուցադրություններ։ «Ազգային արխիվի աշխատանքները իհարկե չեն սահմանափակվում հոբելյանական հրապարակումների շուրջ,- ասաց պարոն Վիրաբյանը – շարունակելու ենք մեր ծրագրավորված գործընթացները և հաջորդ հրապարակմանը կներկայացվեն «Կիլիկյան 1918-ից 1923 թվականները», երբ ֆրանսիական զորքերը ազատագրեցին Կիլիկիան, հայ բնակչությունը վերադարձավ և ստեղծվեց ինքնավարություն, հետո երկրորդ անգամ քեմալականների ու ֆրանսիական կողմի այսպես ասած դավաճանական քաղաքականության պատճաով, երկրորդ անգամ հայերը թողեցին Կիլիկիան, Ադանան և մյուս քաղաքները»։ Հայաստանի Ազգային արխիվի տնօրենը նաև հայտնեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանի բոլոր զինկոմիսարիատները իրենց կհանձնեն 1941-1945 թվականների արխիվները։ Ինչ վերաբերում է արխիվի առօրյային, պարոն Վիրաբյանի խոսքով այս տարի փաստաթղթերի համար իրենց դիմել են 50000 մարդ։ Հիմնականում Հայաստանից ու Ռուսաստանից, նաև Ուկրաինայից, Չեխիայից ու Գերմանիայից։