Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներքին Բազմաբերդի Մշակույթի տան միակ դահլիճը հովանավորի կարիք ունի (տեսանյութ)

Մշակույթ
dahlich

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Մշակույթի տունը մշակութային միջոցառումների պակաս չի զգում: Տարածաշրջանի եզակի մշակութային կենտրոններից է, որն իր ֆինանսական խնդիրները ինքնուրույն հոգալով, ոչ միայն չի փակվել, ավելին՝ ծաղկեցնում է մշակույթը նվիրյալ աշխատակիցների ու սաների շնորհիվ: «Գորանի» ազգագրական երգի-պարի համույթն այստեղ գործում է 1977 թ. և ունեցել է պարային 12 սերունդ: Համույթը հանդես է եկել հանրապետության բազմաթիվ բեմերում՝ մասնակցելով տարբեր համերգ-փառատոնների, 2 անգամ հյուրընկալվել է Արցախում: Ունի բազում պատվոգրեր, շնորհակալագրեր ու մրցանակներ: Մշակույթի տան ավագ թատերախումբը գործում է արդեն շուրջ 60 տարի: Այդ տարիների ընթացքում ստեղծվել են «Նռենի» և «Խուճուճիկ» թատերախմբերը՝ 2013թ.: «Խուճուճիկ»-ի ներկայացումներից մեծ ընդունելության արժանացավ հատկապես Հովհ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ը»,-նշում է Մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը: «Տիկնիկներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնի շրջանակներում թատրոնը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում մասնակցել է հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին և 3 անգամ գրավել 2-րդ  հորիզոնականը՝ արժանանալով մեդալի: Թեև տիկնիկների և դեկորացիաների պակաս ունեն, այնուամենայնիվ նախաձեռնել են «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածներ բեմադրել Սասնո բարբառով՝ հույս ունենալով, որ կգտնեն նաև հովանավորներ: Առաջիկայում անելիքները շատ են. պատրաստվում են մասնակցել Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան փառատոնին, ազգային-ավանդական երգ ու պարի փառատոններին և այլն: Մշակույթի տան տնօրեն Գարուշ Գրիգորյանն ամեն տարվա միջոցառումների պատմությունը գրի է առել. հովանավոր գտնելուն պես ընթերցողի սեղանին կհայտնվի նաև Մշակույթի տան պատմության գիրքը: Մշակույթի տան միակ դահլիճը, որտեղ միջոցառումներն են կազմակերպվում,  անմխիթար վիճակում է, լուրջ վերանորոգման կարիք ունի և սպասում է իր բարերարին։