Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարման խորհուրդը խամաճիկ է Երևանի քաղաքապետի ձեռքին. Ա. Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
Anahit-Baxshyan

Հակակոռուպցիոն բոլոր ծրագրերը փաստում են այն մասին, որ Հայաստանում գործող օրենքները, իրավական որոշումներն ու փաստաթղթերը չեն աշխատում, և կոռուպցիան շարունակվում է: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: «Կրթության և գիտության նախարարությունը հակակակոռուպցիոն հերթական ծրագիրն է դրել քննարկման: Հանրակրթության ոլորտում որպես հակակոռուպցիոն ռիսկ գրված է դպրոցների կառավարման խորհուրդների ոչ լիարժեք գործունեությունը: Առաջարկվում է տնօրենների ընտրության հարցը վերանայել՝ բացառելով շահերի բախումը: Այս շահերի բախումը մեր երկրում ամեն քայլափոխին է: Դրա համար պետք է շահերի բախման աղբյուրները վերացնել»,- նշում է Անահիտ Բախշյանը: Շահերի բախումները տեղի են ունենում հիմնականում քաղաքական դրդապատճառներով: Անահիտ Բախշյանի պնդմամբ՝ եթե տնօրենի թեկնածուն իշխող քաղաքական կուսակցության անդամ չէ, նա երազել չի կարող տնօրենի պաշտոնում ընդունվելու մասին: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ կառավարման խորհուրդը խամաճիկ է Երևանի քաղաքապետի, մարզպետի ձեռքին: «Կառավարման խորհուրդն անում է այն, ինչը վերևից թելադրում են: Ընդ որում՝ կառավարման խորհուրդի մեջ ծնողներ կան, և այդ ծնողները երեխաների կրթական շահը ստորադասում են՝ անելով այն, ինչ իրենց թելադրում է ամենավերևինը»,- նկատում է Անահիտ Բախշյանը: Կոռուպցիոն ռիսկի հաղթահարման առաջին քայլն Անահիտ Բախշյանը տեսնում է օրենսդրական փոփոխության մեջ: «2009 թվականին Հանրակրթության մասին օրենքով գրված է, որ դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը և աշխատանքային պայմանագիրը կնքվում է կառավարման խորհրդի հետ, այսինքն՝ տնօրենն ամբողջությամբ պատասխանատվությունը ստանձնում է կառավարման խորհրդի գլխավորությամբ: Այսօր կառավարման խորհուրդն ընդամենը գործիք է, և երբ մարզպետին կամ քաղաքապետին բողոքում ես դպրոցի տնօրենի գործունեությունից և պահանջում վերանայել, ասում են, որ տնօրենին ընտրել է կառավարման խորհուրդը: Պատասխանատվության օբյեկտ մեր երկրում չկա»,- ասաց Անահիտ Բախշյանը: