Բաղրամյան 26-ում պետական մրցանակներ են հանձնել

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաև իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:
Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

Հարգելի՛ դափնեկիրներ, հյուրեր,

Այսօր հաճելի պարտականություն եմ կատարում: Մենք պետական մրցանակներ ենք հանձնում մեր արվեստագետներին ու գիտնականներին, մեր դափնեկիրներին, ովքեր նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ուշագրավ գործեր են ստեղծել:
Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակները առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով մենք փորձում ենք ուղենիշներ և չափանիշներ առաջարկել մեր հասարակությանը, փորձում ենք նրա ուշադրությունը հրավիրել իսկապես արժանի գործերի վրա:

Սրտանց շնորհավորում եմ մեր դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Այո՛, այս մրցանակները նաև գնահատական են պետության և ժողովրդի կողմից: Այդ գնահատականը, կարծում եմ, կարևոր է ցանկացած մարդու համար, առավել ևս` արվեստագետի և գիտնականի, ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատանքով հաջողություն են արձանագրում:

Մենք հասկանում ենք, որ այս աշխարհում ոչ մի լավ բան հեշտ ու հանգիստ կամ վայրկենապես չի ստեղծվում: Շնորհակալ ենք ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար:

Ափսոսում եմ, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ: Հուսով եմ, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կունենանք այնպիսի գործեր, որոնք, անկասկած, արժանի կլինեն պետական մրցանակի: Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի մշակույթի, գիտության և կրթության նախարարներին, որպեսզի նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ, իհարկե, մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն առաջարկությունները, որ հնչեցին հանձնախմբերի ղեկավարների կողմից:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Իհարկե, մենք գիտենք, որ առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ: Գիտենք նաև, որ ունենք հին ու հարուստ գրականություն, արվեստ ու գիտություն: Բայց մեզ համար կենսական կարևոր է այսօրը՝ ներկան՝ այսօրվա հայաստանցին ու նրա գործերը: Նաև շատ կարևոր է Հայաստանում առկա ստեղծագործական մթնոլորտը: Այդ միջավայրն է օգնում կամ խանգարում նոր հաջողված գործերի, ինչու ոչ՝ նոր գլուխգործոցների ի հայտ գալուն: Հետևաբար ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ դրականորեն ազդելու մեր ընդհանուր միջավայրի վրա:

Կրկին շնորհավորում եմ մեր դափնեկիրներին պետական մրցանակների արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակադրումները կյանքի կոչելու ճանապարհին:

Շնորհակալություն: