Իրանում կանանց մասնակցությունը բողոքի ակցիաներին արտառոց չէ (տեսանյութ)

Իրանում վերջին  հակակառավարական ցույցերին կանանց ներգրավվածությունը արևմտյան մամուլը որակեց արտառոց։ Հատկապես շատ էր տարածվել մի հոլովակ, որտեղ մի կին հանել էր իր գլխաշորը և ծածանում էր այն։ Վերջինս դարձավ ցույցերի խորհրդանիշը։ Իրանագետ Աննա Գևորգյանն ասում է, որ այդ կնոջ ակցիան այդ  ցույցերի ժամանակ չի արվել.

«Իրադարձությունները սկսելու նախորդ օրն էր կատարել։ Դա մի շարժման շրջանակներում է, որը նախաձեռնվել է Մեծ Բրիտանիայում ապրող մի իրանցի լրագրողի կողմից։ Վերջինս կոչ էր անում իրանցի կանանց նկարվել առանց գլխաշորի և տեղադրել նկարը ցանցում»։ 

Իրանագետ Աննա Գևորգյանը շեշտում է, որ  սա առաջին դեպքը չէ, երբ իրանական կամ մերձավորարևելյան շատ իրադարձություններ արևմտյան մամուլը փորձում է խեղաթյուրել։  

«Երբ տեղի է ունենում հակաիշխանական ընդվզումներ, ցույցեր և կարծես հենց այդ  պահին են առաջ մղվում բոլոր այն թեմաները, որոնք արդիական են համարվում արևմտյան հասարակության համար»,- ասում է Աննա Գևորգյանը։

Իրանում կանանց մասնակցությունը բողոքի ակցիաներին և ցույցերին ունի դարերի պատմություն։ Շահի կանայք հարեմի ներսում անգամ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել  տարբեր խնդիրների ժամանակ։ Իրանագետը նշում է, որ կանանց մասնակցությունը վերջին ցույցերին բոլորովին էլ պատահական չէ. «Մենք չենք լսում, որ Իրանում գրեթե ամիս չկա, որ ուսուցիչներ, ինժեներներ, բանվորներ ինչ -ինչ խնդիրներով բողոքի ցույցեր անեն և  նրանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք, չենք լսում, որ ռեժիսորների քանակով մեծ թիվ են կազմում իրանում կին ռեժիսորները և այլն»։

Չնայած, որ Իրանը  Հայաստանի բազմադարյան հարևանն է և երկու ազգերի միջև շփումների պակաս գրեթե չկա՝ այնուամենայնիվ, իրանական հասարակության, սովորույթների, իսլամի և հատկապես այնտեղ կանանց կարգավիճակի մասին թյուր պատկերացումներ կան հայ հասարակության մեջ։

Ըստ իրանագետի՝  իրանական հասարակութունը շատ ավելի ֆեմինին է, քան հայ հասարակությունը, և, ինչ-որ տեղ, կարող ենք դրանով բացատրել կին սարկավագի ձեռնադրությունը հենց Իրանի հայկական համայնքում։