ՔԿՀ աշխատակիցը մեղադրվել է գողություն կատարելու համար

Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն ու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 10-ին` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արման Ղազարյանը, օգտվելով  իր ծանոթ` Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Նիկողոսյանին պատկանող ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ այնտեղից վերցրել է Ն. Նիկողոսյանի տան բանալիները: Այնուհետև, իր հանցավոր նպատակն իրականացնելու մտադրությամբ, Ա. Ղազարյանը նույն օրը ապօրինի մուտք է գործել Ն. Նիկողոսյանի` Փարաքար գյուղում գտնվող տուն և այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀ դրամ, 538.455 ՀՀ դրամին համարժեք 1105 ԱՄՆ դոլար ու 28.404 ՀՀ դրամին համարժեք 50 եվրո` տանտիրոջը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:

Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: