8 հոգու համար սահմանված խցում ապրում է 15 մարդ. Ռոբերտ Ռևազյան (տեսանյութ)

Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում մնացել են  նույնը՝ նախորդ տարիների  համեմատ, ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:  «Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը: 8 հոգու համար սահմանված խցերում ապրում է 15 մարդ, իսկ հիմնարկի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: ՔԿՀ-ում կան խցեր, որնք շատ անմխիթար են , կան նաեւ շատ լավ վերանորոգված խցեր, որոնք արվում են հենց կալանավորների միջոցներով»:  Ըստ բանախոսի՝ պետությունը պետք է պարտավորվի բոլոր խցերը բերել միանման, բարեկարգ տեսքի:

ՔԿՀ-ներում առողջական խնդիրների չլուծված լինելը հանգեցնում է մահվան դեպքերի, մասնավորապես Հաց Բերողի մահը, ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը:

 «Աբովյանի կանանց  ՔԿՀ-ում երկու լուրջ դեպք կար, որի մասին ահազանգել ենք  Արդարադատության  նախարարություն եւ ստացել մերժողական պատասխան: Արդյունքում՝ կանանցից մեկը մահացավ, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս դեպքերը ՔԿՀ-ի եւ ԱՆ-ն ուսերին է»:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը եւս չհերքեց ՔԿՀ-ի գերբնակեցման եւ ոչ բարվոք պայմանների հարցը: «2009-ին որոշում է կայացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացվելու, սակայն մեր ֆինանսական վիճակը թույլ չի տալիս դա իրականացնել 1 կամ 2 տարվա ընթացքում: Առաջիկայում նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել Գորիսում»:

Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ  «Եթե պետությունը չի կարող բուժել ծանր հիվանդությամբ դատապարտյալի, պետք է նրան ազատ արձակի բուժում ստանալու համար, այլ ոչ թե սպասի նրա վախճանին»:

Փոխգնդապետ Տիգրան Սահակյանը հակադարձեց. «2017 թվականին 1740 կալանավորներ և դատապարտյալներ տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր»: