Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երուսաղեմի Հայոց պատրիարքը Բեթղեհեմում է (տեսանյութ)

Քաղաքականություն
E9969F48-3470-4032-9F78-E5A269CB76D4_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Երուսաղեմի Հայոցպատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հունվարի 18-ին ժամանել է Հորդանան գետի արեւմտյան ափին Քրիստոսի ծննդավայր հանդիսացող Բեթղեհեմ քաղաքը՝ այստեղ Սուրբ Ծննդյան տոնակատարությանը մասնակցելու ու եկեղեցական պատարագ մատուցելու համար: Քաղաքում կազմակերպվել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքի ջերմ ընդունելություն: Պաղեստինյան լրատվական միջոցների հաղորդմամբ, արքեպիսկոպոս Մանուկյանին ողջունել են Բեթղեհեմի նահանգապետ Ջիբրին ալ Բաքրին, քաղաքապետ Անտոն Սալմանն ու այլ պաշտոնատար անձինք: Դեպի Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար տանող ճանապարհին նրան ուղեկցում էին տեղական քաղաքացիական և ռազմական այրեր, համայնքի ղեկավարներ և հոգևորականներ: Ներկա էր մարդկանց մեծ բազմություն: Հիշեցնենք, որ Բեթղեհեմում Սուրբ Ծնունդը տոնում են տարվա մեջ երեք անգամ: Քրիստոնյաների մի հատվածն այն տոնում է այստեղ դեկտեմբերի 25-ին՝ առաջնորդվելով Գրիգորյան օրացույցով, Ուղղափառ եկեղեցիներն այն նշում են հունվարի 7-ին, իսկ Հայոց Եկեղեցին Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում տոնում է հունվարի 19-ին: Հայտնի է, որ Բեթղեհեմում Հայոց Եկեղեցու Սուրբ Ծնունդի տոնակատարություններին ավանդաբար մասնակցում է նաև Պաղեստինի ղեկավարությունը: Նախորդ տարիներին Հայոց Առաքելական Եկեղեցու արարողությանը ներկա էր նախագահ Մահմուդ Աբասը: