Նիկոլ Փաշինյան. ուզում ենք ցույց տալ մեր դժգոհությունը

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ վաղը՝ հունվարի 19-ին Մոսկվա կինոթատրոնի մոտից ժամը հինգին կսկսվի երթը, որի հիմնական կարգախոսն է՝ Ոչ թանկացումներին: 

«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետև, ըստ էության, Հանրապետական մեծամասնությունը որդեգրում է դիրքորշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերվում թանկացումներին և դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին` այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու և անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով` հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով` թանկացումների նոր ծավալ է լինելու, այդ պատճառով էլ իրենք առաջարկում են կանխել թանկացումները` օրենքում փոփոխություններ կատարելով և հարկերը նախկին մակարդակին թողնելով։