Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը 2 օր է տրամադրել գործարարին հողատարածքն ազատելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hoxataracq

Երեւանի քաղաքապետարանը Մարիետա Խուրշուդյանին տվել է երկու օր ժամանակ  4հա հողատարածքն ազատելու համար։  Հողատարածքը գտնվում է Նուբարաշենի հայտնի ավտոշուկայի մոտ ՝ Նոր Արեշի 45 փողոցում։ Այս մասին հայտնում է Մարիետա Խուրշուդյանի դուստրը՝ Նաիրա Ավետիսյանը, որը  հանդիսանում է սեփականության ժառանգորդը։  Նա «Ա1+»-ին տեղեկացրեց, որ  1987 թվականից 4հա հողամասը օրինական վարձակալության հիմունքներով տրվել է Մարիետա Խուրշուդյանին.  «2005 թվականին, երբ ընդունվել է Հողային օրենսգիրքը, նոր կարգավորումներ են մտել և 64 հոդվածի 8-րդ կետով սահմանվել է դրույթ, ըստ որի, այն  հողամասերը, որոնք օրինական հիմունքով վարձակալությամբ հատկացվել են  ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, արդեն հատկացվում են սեփականության իրավունքով»։ Մարիետա Խուրշուդյանին տրվել է նաև սեփականության վկայականը։ «Այսինքն,  2005 թվականից անձը այդ  հողամասի նկատմամբ ունի սեփականության իրավունք։ Ի դեպ, այդ սեփականության իրավունքի նոր գրանցում է կատարվել. ջնջվել է օգտագործման իրավունքի այն գրանցումը և նշվել է նոր գրանցում՝ սեփականության իրավունքով»,- ասում է Նաիրա Ավետիսյանի փաստաբան Արմեն Օհանյանը։ Ըստ Նաիրա Ավետիսյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին այդ վկայականը ցույց տալուց հետո, մի քանի օր անց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեկ ուրիշ ծանուցագիր է եկել, որտեղ նշվում է, թե սեփականության վկայականը տրվել է «թյուրիմացաբար»։ «Կարող է, մի գեղեցիկ օր քաղաքապետարանից մեկը գա ու ձեզ էլ ասի «թյուրիմացաբար» ենք սեփականության վկայականը տվել, դուրս եկեք էստեղից։ Ամեն մեկը թող մեզ դնի իր տեղը»,-պատմում է Նաիրա Ավետիսյանը։ Նշենք, որ այդ հողատարածքում է գտնվում վերջինիս բիզնեսը՝ «Նաիրա Ավետիսյան» ՍՊԸ, որը ավտոկանգառի սպասարկում է իրականացնում։  Նաիրա Ավետիսյանը վճռական է տրամադրված և պատրաստվում օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները։ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ։