Նախարարը՝ քանդվող Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի մասին (տեսանյութ)

Գրեթե մեկ տարի առաջ շահագործման հանձնված Հյուսիս- հարավ ավտոճանապարհի Երեւան- Արտաշատ հատվածի ճաքերը պետք է վերացնի կառուցապատողը: «Դեռ հանձնված չէ, իրենց սպասարկման տակ է եւ կառուցողը դա պետք է վերացնի»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ճանապարհը կառուցել է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն»  ընկերությունը։  1 կմ –ի  շինարարության վրա  ծախսվել է 2 մլն դոլար:  «Այդ կարգի շինարարության համար դա մեծ գումար չէ, կարող է եւ ավել լինել, դա կապված է ռելիեֆից, գրունտից»,- ավելացնում է Վահան Մարտիրոսյանը: 

Իսպանական ընկերությունը  անորակ շինարարություն է  իրականացրել, թե ոչ,  նախարարը չի կարող ասել: Վերահսկող ընկերությունն  էլ, որը հատուկ կարծիք է հայտնում, առայժմ բացասական  կարծիք չի հայտնել:  «Լաբորատոր փորձաքննություն գոյություն ունի, եթե լաբորատոր փորձաքննությունը ցույց տա, որ վատ է արված, դեռ սպասարկման ընթացքում է, դա պետք է վերականգնվի»,- նշում է է նախարարը:  

«Հյուսիս- հարավ»-ի հաշվարկային արժեքը կազմում է 1,2-ից 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ: Ծրագիրը բաժանված է 4 առանձին տրանշերի՝ Երեւան-Արտաշատը, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի, (Գյումրի-Բավրա եւ Արտաշատ-Ագարակ:  Այս պահի դրությամբ կառուցվել եւ  շահագործվում է ճանապարհի մի փոքր հատվածը՝ 31 կիլոմետրը։