Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թանկարժեք մետաղների աճուրդից ստացված գումարները բյուջե չեն գնա, դրանք հարց չեն լուծում» (տեսանյութ)

Քաղաքականություն
finnax

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ուրախ է, որ հանրությունը սեփականության իրավունքով, անհանգստությամբ մոտեցավ մեկ շաբաթ առաջ Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծին, ըստ որի հաստատվեց 2018-21թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը։ «Մենք էլ նույն մտահոգությունն ունենք ու նույն նավի մեջ ենք»-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նկատեց Արմեն Հայրապետյանը։ Ըստ նախագծի` վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված թանկարժեք մետաղներով, քարերով եւ դրանցից պատրաստված իրերով։ Արմեն Հայրապետյանը նախ ներկայացրեց, թե պետական գանձարանը գանձերի ինչ կառուցվածք ունի. «Առաջին խումբ գանձերը պատմամշակութային արժեքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում, օրինակ` հին մետաղադրամներ, գոտիներ, սպասք եւ այլն։ Դրանք այլեւս չեն պահվելու գանձնարարում, ցուցադրվելու են թանգարաններում, որպեսզի հանրությունը տեսնի։ 2-րդ խումբ ապրանքները թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղներ, քարեր են, որոնք ենթակա են վաճառքի։ Ըստ այդմ` այս ապրանքները լինում են լիկվիդային եւ ոչ լիկվիդային` ցանկացած պահի իրացվելի եւ դժվար իրացվելի»: Նրա խոսքով` 2-րդ խումբ ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,9 մլրդ դրամ։ Դրանից միայն 400 մլն դրամի ապրանքներն են լիկվիդային, մյուս մասը թանկարժեք իրերն են` զարդերը,  շարանները՝ ոչ լիկվիդային են. «Արտակարգ իրավիճակներում, պետության համար անհետաձգելի պահի, երբ ֆինանասական աղբյուրների խնդիր կլինի, մենք կկարողանանք այս մետաղներով գործարքներ անել։ Դա լիկվիդային միջոցներով կարող ենք անել ՀՀ-ում եւ ՀՀ սահմաններից դուրս։ Ապրանքների մյուս խումբը` ոչ լիկվիդայինն է, որոնց իրացման համար ժամանակ է պետք կամ ամենացածր գնով պետք է վաճառենք։ Հիմա Կառավարության որոշումը հենց այս ապրանքներին է վերաբերում։ Օրինակ` անցած տարի մարգարիտներ ենք ունեցել, սակայն որեւէ պահանջարկ չի ունեցել։ Շուտով կհայտարարենք բաց, հրապարակային աճուրդ, որի ժամկետը սահմանել ենք 4 տարի, որպեսզի այդ 1.5 մլրդ դրամ արժողությամբ ապրանքը կարողանանք վաճառել` զարդը` զարդի գնով, մարգարիտը` մարգարտի գնով վաճառենք։ Օրինակ` Վերնիսաժում մարգարիտի մեկ գրամը արժե 60 դրամ։ Դրա համար շտապողականություն չենք դրսեւորում։Շուկայական գինն է հիմք ընդունվելու, ապրանքը չի իրացվելի ամեն գնով»: Փոխնախարարը դժվարացավ ասել` ինչ են անելու աճուրդից ստացված գումարները, քանի որ ապրանքների իրացվելիությունը անորոշ է. «Դրանք կամ կփոխարինենք լիկվիդային միջոցներով, կառավարելի կդարձնենք, կամ ինչ-որ հաշվի վրա են դրանք կուտակվելու։ Այդ միջոցները չեն գնալու պետական բյուջե. սա այն ռեսուրսը չէ, որ հարց կարող է լուծել` ՀՀ մեկ օրվա եկամուտը` հարկային եկամուտների տեսքով, շուրջ 4 մլրդ դրամ է։ Այսինքն, աճուրդից գոյացած միջոցները փոքր գումար է»: Արմեն Հայրապետյանը նաեւ վստահեցրեց, որ ոչ հիմա, որ էլ մոտ ապագայում արտակարգ իրավիճակներ չեն կանխատեսում` այս ապրանքների օտարման գործընթացը սկսել է դեռ 2016թ. «Ընդամենը ցանկանում ենք մեկ օր ավելի շուտ մտածել հնարավոր զարգացումների մասին»: Նշենք որ 1996թ. հետո ՀՀ կառավարությունը նմանօրինակ ապրանքների իրացում չի արել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը։