Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտվում է երեխաների սահմանադրական իրավունքը (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-Batoyan

Միջնակարգ կրթությունը Հայաստանում  անվճար է  միայն թղթի վրա։  Ծնողները վճարում են՝ սկսած դասագրքերից,  մինչև ամենամսյա ֆոնդի  համար։ Դասագրքերի դիմաց վճարելու փաստը  հակասամանադրական է, - ասում  է «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության ղեկավար Զարուհի Բաթոյանը։ Վերջինիս բողոքի հիման Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  դիմել է Սահմանադրական դատարան՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4- րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ «Գուցե դա փոքր գումար է համարվում դասագրքի համար, բայց այնուամենայնիվ դա նախ սահմանադրական իրավունքի խախտում է, որովհետև կրթությունն անվճար է, ինչպես ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Սա կարող է տարբեր խնդիրների պատճառ դառնալ երեխաների, ընտանիքների, դասարանների համար: Բացի ֆինանսական խնդիրներից կարող են առաջանալ նաև հոգեբանական խնդիրներ»,- նշում է Զարուհի Բաթոյանը: Կրթության մասին ՀՀ օրենքն ամրագրում է, որ դասագրքերն անվճար են միայն 1-4 դասարանի աշակերտների համար: Մեկ աշակերտի  դասագրքերի համար ծնողը վճարում է 3000 դրամից սկսած: Օրենքը շրջանցում է նաև խոցելի խմբերին դասագրքերի վճարից ազատելու հարցը՝ խնդրի լուծումը թողնելով մանկավարժների հայեցողությանը: «Որպես հակափաստարկ, կրթության և գիտության նախարարությունը կարող է նշել, որ հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում իրենք անվճար են տրամադրում, սա հիմնավորում չէ: Սա խտրական մոտեցում է արդեն, սա երեխային ավելի խոցելի է դարձնում: Ունի խնդիր ուսուցիչը նաև, որովհետև հաճախ պարտականությունը դրվում է ուսուցչի վրա, այսիքն՝ լրացուցիչ բացասական ֆոն է ստեղծվում»,- ասաց Զարուհի Բաթոյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրման հարցը Սահմանադրական դատարանը  քննելու է  մարտի 20-ին։ Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ սա լավ նախադեպ կլինի, թե ինչպես են մարդկանց երկար ժամանակ անհանգստացնող խնդիրները մեկ դիմումի կամ նամակի շնորհիվ լուծում ստանում: