«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին ազատել է մարզումներից

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր չի մասնակցել թիմի մարզմանը:

 

Ինչպես տեղեկացնում է «Մետրո» թերթը, հայազգի կիսապաշտպանը ժամանել է ակումբի մարզաբազա, սակայն այդպես էլ չի միացել խաղընկերներին եւ պարապմունք անցկացրել: Ըստ աղբյուրի, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ֆուտբոլիստին ազատել է մարզումից, որպեսզի նա ժամանակ ունենա կարգավորելու «Արսենալ» տեղափոխվելու հարցերը, բացի այդ զերծ մնա վնասվածքից, որպեսզի կարողանա բուժզննում անցնել նոր ակումբում:

 

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» պարզապես ժամանակի հարց է: ԶԼՄ-ները համոզված են, որ առաջիկա օրերին «կարմիր սատանաների» ֆուտբոլիստը կդառնա «զինագործ»:

 

Անգլիական ԶԼՄ-երը «գտել են»  մի հրապարակում,որտեղ Հենրիխ Մխիթարյանը 2009-ին խոստովանել էր, որ երազում է Լոնդոնի «Արսենալում» հանդես գալու մասին:

«Փյունիկում» հանդես եկող 20-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել էր ՈւԵՖԱ-իպաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Իմ ամենասիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը և արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին և լավ արդյունքներ գրանցում:

Ինձ դա դուր է գալիս և հույս ունեմ մի օր խաղալ «Արսենալում»,- ասել է Մխիթարյանը:

 

Լուսանկարները   17.01.2018