Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայթյունը դառնում է անխուսափելի». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Zaruhi

Որևիցե մեկը չի կարող զսպել թանկացումները, եթե չփոխվի քաղաքական կառուցվածքը և չհիմնադրվի ժողովրդավար քաղաքական համակարգ:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Այն համակարգը, որն այս պահին գործում է,  ոչ միայն օրինական չէ, այլ նաև հարցերին լուծումներ չի տրամադրելու: Եթե կլինի քաղաքական օրակարգ, կլինեն նաև քաղաքական լուծումներ»,- նշում է Զարուհի Փոստանջյանը:  Նա պնդում է, որ պետք է ուշադրություն դարձնել բոլոր այն իրադարձություններին, որոնք նախորդեցին թանկացումներին: «Դա մեր աճող պետական պարտքն է, և այդ պարտքի սպասարկումն է, որն ամեն ամիս ավելանում է և այս ավելացումները  պահանջում է հարկային բեռի ավելացում: Որտեղից մենք պետք է հավաքագրենք գումարներ, որպեսզի մարենք մեր պարտքերը: Հարկային բեռի ավելացումը բերում է նրան, որ գնաճ է տեղի ունենում, ապրանքների գներն են թանկանում: Ունենք ահռելի արտագաղթ և այս պայմաններում ունենք ծերացող բնակչություն: Մեր ծերացող բնակչությունն անցել է 11 տոկոսը: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ եթե ճգնաժամային է 7 տոկոսը, ապա 11-ը ճգնաժամից ավելին է: Մենք ունենք թոշակառուներ, բայց չունենք աշխատողներ, որոնք կապահովեն թոշակառուների կենսամակարդակը: Եթե չփոխենք քաղաքական կառուցվածքը, չենք վերացնում քաղաքական մենաշնորհը, ապա այս ամենն ավելի է խորանալու և պայթյունը դառնում է անխուսափելի»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: Անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից կազմակերպվող թանկացումների դեմ բողոքի երթին՝ Զարուհի Փոստանջյանը այն լուծում չհամարեց: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտականությունն է  քաղաքական օրակարգ հարուցել և պահանջել քաղաքական լուծումներ: Քաղաքական է այն պահանջը, որն ասում է, որ պետք է փոխվի համակարգը, այլ ոչ թե հետևանքի դեմ պայքար տանենք: Միգուցե հետևանքը մի փոքր մեղմացվի, բայց խնդիրը լուծում չի ստանալու»,- նշում է Զարուհի Փոստանջյանը: Նրա պնդմամբ՝  չեն կարող ընդդիմությունն ու Սերժ Սարգսյանը խոսել նույն խնդրի մասին՝ չենթադրելով քաղաքական լուծումներ: Լուծումը քաղաքական պետք է լինի: