Շախմատի ՀՀ առաջնություն. Գործող չեմպիոնները հերթական պարտությունները կրեցին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի առաջնություններում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:

 

Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը առաջին հաղթանակները տարան եւ բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Իսկ ահա գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը եւ նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, հերթական պարտությունը կրեցին եւ դարձան ընդգծված հետնապահներ:

 

Առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքի արեց՝ հաշտություն կնքելով միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի հետ: Նա 4 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Արման Փաշիկյանն ունի 3 միավոր, սակայն նա մեկ պարտիա քիչ է անցկացրել: Այնուհետեւ գալիս են 2,5 միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

 

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կմրցի նախկին չեմպիոն Կարեն Գրիգորյանի հետ, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով ուժերը կչափի իրեն հետապնդող միջազգային վարպետ Շանթ Սարգսյանի հետ:

 

Կանանց առաջնությունում դարձյալ երկիշխանություն է տիրում: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տարած Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանն այս անգամ ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ: Նրանք 4,5-ական միավորով շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը: Երրորդ տեղ բարձրացավ Լիլիթ Գալոյանը, որը իր ակտիվում ունի 3 միավոր: Իսկ ահա գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը երրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ էլ ավելի պակասեցրեց իր կոչումը պաշտպանելու հնարավությունը:

 

Հաջորդ 6-րդ տուրում Մարիա Կորսովան սպիտակներով կհանդիպի միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանի հետ, իսկ Աննա Սարգսյանը կմրցի առաջնության ետնապահներից մեկի՝ Սոնա Ասատրյանի հետ: