Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական համակարգի գոյությունը հարցականի տակ (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner

 Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ  դատական  համակարգի գոյությունը թվում է ավելորդ. գործադիր իշխանությունը նրա փոխարեն  որոշումներ է կայացնում։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է. «Ես դեռևս նախանցյալ տարի ենթադրել էի, որ Հանրապետական կուսակցությունը կձգտի ունենալ որակական մեծամասնություն։ Այժմ փոխվում է նախագահի լիակատար վերահսկողությունը դատաիրավական համակարգում կուսակցության լիակատար վերահսկողության տակ։ Այսինքն փոխվում է միայն ձևը, բովանդակությունը մնում է նույնը»։ Հերթական մտահոգությունները կապված են  դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի հետ, որը առաջին ընթերցմամբ 63 կողմ ձայնով արդեն իսկ ընդունվել է Ազգային ժողովում։ Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առանց հանրային քննարկման։ «e-draft կայքով երկխոսություն կամ մասնակցային գործընթացը նույն ձևական մոտեցումն է, ինչպես ասենք որևէ իշխանության ներկայացուցչի հետ կամ նախարարության հետ հանդիպենք, ասենք մեր տեսակետները, լսեն, հետո իրենք կատարեն իրենց որոշումները։ Խնդիրը ոչ թե ձևական մասնակցությունն է, այլ արդյունավետ մասնակցության մասին է խոսքը»,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Արթուր Սաքունցի խոսքով՝  դատական պրակտիկայում հասարակական  կազմակերպությունների դերը որպես հանրային շահը ներկայացնողներ՝  խիստ սահմանափակվում և նվազեցվում է։ Փաստաբանների պալատի  քննադատության թիրախում  նախագծի այն դրույթներն են, որոնք դատավորներին հնարավորություն են տալիս փաստաբաններին նկատողություն տալ, հեռացնել նիստերի դահլիճից կամ մինչև 100 հազար դրամով տուգանել: Նրանք պահանջում են, որ մինչև երկրորդ ընթերցումը այդ հարցը վերանայվի։ «Դատարանը, երբ կիրառում է սանկցիան, նշում է, որ սանկցիայի կիրառումը ինքնին հիմք չէ,  որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցվի և կարգապահական տույժ չկիրառվի։ Այսինքն ստացվում է, որ փաստաբանը դատարանի կողմից սանկցիայի կենթարկվի և միևնույն արարքի համար կենթարկվի նաև կարգապահական տույժի»,-ավելացնում է փաստաբան Դավիթ Խաչատրյանը։ Ենթադրվում է՝  դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցման կներկայացվի  առաջիկայում։ ՀՀ փաստաբանների պալատն այս հարցով   դիմել է նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին ՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով: