Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի դատը՝ կիսադատարկ դահլիճում (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer-1

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը  «Սասնա ծռեր 2»-ի գործը սկսում է կիսադատարկ դահլիճում: « Հարգելի դատավարության մասնակիցներ ի՞նչ անենք, Հայարփի Սարգսյանը ներկայացել է, հիմա դահլիճում չէ, բայց մյուս պաշտպաններից նորություն չունենք»,- դիմելով մեղադրող կողմին ասաց դատավորը: Դեռ նախորդ դատական նիստին՝ ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների՝ «Սասնա ծռեր»-ը որոշել էին լքել դահլիճը եւ դատավորը որոշել էր 5 ժամով հեռացնել նրանց նիստից: Մինչ հեռանալը ՝ նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են նաեւ պաշտպանների ծառայություններից:    Այսօր փաստաբանները ներկայացել էին դատարան, սակայն դահլիճ չմտան: Նրանք դիմում գրեցին Արթուր Օհանյանին՝ իրենց չներկայանալու մասին:  « Իմ այսօրվա նիստին ներկայանալու միակ պատճառն այն էր, որ դատարանից ծանուցագիր էի ստացել: Այդ էր պատճառը, որ ներկայացա: Բայց նշանակված ժամին նիստը չէր սկսել,  ուստի  իմ գործընկերների հետ դիմում գրեցինք՝ նշելով, որ դատական նիստին մեզ հրավիրելու պատճառը մեզ համար անհայտ է, քանի որ մեր պաշտպանյալները հայտարարել են, մեզանից հրաժարվել են:  Նշեցինք նաեւ, որ նշանակված ժամին նիստը սկսված չի եղել, ուստի  մենք հեռանում ենք»,- ասաց պաշտպան Մուշեղ Շուշանյանը:     Հայտարարված ընդմիջումից հետո, պաշտպաննները չներկայացան: Դատավոր Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ աշխատակազմից փորձել են կապվել փաստաբանների հետ, սակայն ապարդյուն. «Նրանց հետ բջջային հեռախոսներով են կապվել, բայց չեն պատասխանել»:  Դատավորը միաժամանակ  տեղեկացրեց, որ  ոչ միայն փաստաբանների դիմումն է    աշխատակազմը ստացել, այլ նաեւ կարգադրիչների զեկուցագիրը, որտեղ նշվում է, որ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը,  Հայարփի Սարգսյանը, Արայիկ Պապիկյանը , Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը , Դավիթ Գյուրջյանը եւ Հարություն Բաղդասարյանը մինչեւ դատական նիստի սկսվելը գտնվել են Շենգավթի դատարանի շենքի նախասրահում»: Դատախազ Հակոբ Ենոքյանն էլ նշեց, որ այս ամենը վկայում է մի բանի մասին՝ փաստաբանները  չարամտորեն խուսափում են դատարան ներկայանալուց: «Դատարանի կողմից չի ընդունվել ամբաստանյալների  պաշտպաններից հրաժարումը: Դա նրանց իրավունք չէր տալիս նախապես տեղեկացված դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալու»:  Դատախազը միջնորդեց գործով չներկայացած փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառել եւ դիմել Փաստաբանների պալատ՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:    Դատավորը եւս մեկ անգամ ընդմիջում հայտարարեց եւ հորդորեց  փաստաբաններին ներկայանալ: Հերթական ընդմիջումից հետո նրանք կրկին չներկայացան: Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց դիմել Փաստաբանների պալատ՝ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ  հարուցելու համար: