«Ասեցին, որ սելավները վտանգավոր են, բայց փակեցին գլխավոր սելավատարը» (տեսանյութ)

«ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը չի համապատասխանում իրական կյանքին». Կարինե Դանիելյան

ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված «ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգում» թեև զետեղված են բնապահպանական բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, բայց այն չի համապատասխանում իրականությանը։ Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նման կարծիք է հայտնել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։

«Շատ կարևոր է այսօր աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությունը, որը մշակվել, հաստատվել է և Ազգային ժողովում է քննարկվել։ Ամբողջ միջազգային փորձը  հաշվի է առնված, խնդիրները ներկայացված են։ Բայց մյուս կողմից, եթե նայենք իրականությանը, ամեն ինչ հակառակն է գնում։ Օրինակ՝ ասվում է, որ սելավներն ու հեղեղումները վտանգավոր են, բայց փակեցին քաղաքի գլխավոր սելավատարը»,- նշում է Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ մշակված են շատ գեղեցիկ ծրագրեր, բայց ռեալ կյանքը լրիվ այլ ուղղությամբ է գնացել։

«Նշված է, որ շատ է կարևորվում դպրոցների անվտանգությունը, մեծ ծրագրեր են արվել դպրոցների կայունացման համար, բայց դպրոցների շուրջը հսկայական շենքեր են կառուցված կարծես նրա համար, որ երկրաշարժի դեպքում քանդվի դպրոցի գլխին։ Այն գոտին, որը պետք է կանաչ տարածք լիներ, սպորտային հրապարակ լիներ, դրա փոխարեն հսկայական բարձրահարկ շենք է»։

Գրեթե բոլոր հայեցակարգերում նշվում է, որ շատ կարևորվում է կրթությունը՝ էկոլոգիական կրթվածությունը։ Սակայն Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ դեռևս չի հաջողվում դպրոց ներմուծել էկոլոգիական կրթությունը։