Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետարաններն ավելի արագ են պատասխանում, քան նախարարությունները

Հասարակություն
Liana-Doydoyan

Էլեկտրոնային եղանակով պետական մարմիններին հարցումներ անելը որոշակի խնդիրներ է հարուցում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: Նրա խոսքով՝ կան գերատեսչություններ որոնք հրաժարվում են  էրեկտրոնային հարցումներին պատասխանել՝ ասելով, որ պիտի նույնականացման քարտով գրանցվեն, ապա հարցում ուղարկեն: Հակառակ դեպքում հարցումը պաշտոնական չի համարվում: Մինչդեռ, ըստ նրա,  Կառավարության 2015թ. 1204-Ն որոշմամբ էլեկտրոնային հարցումները հավասարեցվել են գրավոր հարցումներին: «Շատ դեպքերում պատասխանի բացակայությունը պատճառաբանում են նրանով, որ էլեկտրոնային հարցումը չեն ստացել, մինչդեռ այսօրվա զարգացած տեխնիկական դարում նման պատճառաբանություններն անհեթեթ են»,- ասում է տիկին Դոյդոյանը: Լուռ մերժումները, ըստ իրենց ուսումնասիրության, քչացել են, սակայն պատասխաններն այնքան թերի ու լղոզված են, որ հավասարազոր է չպատասխանելուն: «Դրա պատճառը չիմացությունն ու վախն են,-ասում է ՀԿ-ի նախագահը,- մտածում են լղոզված պատասխան տամ՝ շառից, փորձանքից հեռու: Բայց բարեխիղճ աշխատողներ էլ կան, որոնք չիմացության դեպքում խորհրդատվության համար կապվում են մեզ հետ: Չնայած դրան՝ մի մասը թաքցնելու բան ունի՝ հատկապես բյուջեների վերաբերյալ հարցումների պարագայում»: Հարցումների պատասխանները չստանալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել դատարան, քանի որ ըստ իրենց պրակտիկայի՝ հայցերի 75 %-ը բավարարվել է իրենց օգտին: Լրագրողներին, որոնք բազմազբաղ են, խորհուրդ է տալիս հարցումների պատասխանները չստանալու դեպքում չգցել ականջի հետև, այլ դիմել իրենց, որպեսզի միասին բողոքարկեն դատարանում: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի սև ցուցակում այս տարի տեղ են գտել Կառավարության աշխատակազմը, Ֆինանսների նախարարությունը և այլն, իսկ սպիտակ ցուցակ չեն հրապարակել, քանի որ լուրջ դրական տեղաշարժ չեն նկատել: Մարզպետարաններն ավելի արագ են պատասխանում գրություններին, քան նախարարությունները: Լավագույն օրինակ են Շիրակի, Վայոց Ձորի մարզպետարանները: