Ինչու է Ռուբեն Հայրապետյանը վստահում Արթուր Պետրոսյանին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ընդհանրապես չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած տարիներ առաջ ֆուտբոլասերների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ կլքի այդ պաշտոնը, եթե մեր հավաքականը չկարողանա մտնել 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

«Նման խոսակցություն եղել է ընկերական զրույցի ժամանակ:  Ես ունեմ ծրագրեր, որոնք լավ կատարում եմ: Ես նաեւ չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է կատարել այդ աշխատանքները եւ ինչ-որ նոր բան կարող է ավելացնել իմ արածի վրա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ մամլո ասուլիսի ժամանակ:

Ավելին, ֆեդերացիայի նախագահը երկարաձգել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի պայմանագիրը, որի ղեկավարությամբ մեր թիմը լիովին ձախողվել է աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ռուբեն Հայրապետյանը դա բացատրում է մարզչին վստահելու հանգամանքով:

Սակայն ֆեդերացիայի նախագահը ընդհանուր առմամբ դժգոհ է մեր մարզիչների աշխատանքից: Այդ իսկ պատճառով, ֆեդերացիան 6 մարզիչ է հրավիրել Արգենտինայից, որոնք մարզելու են մեր բոլոր պատանեկան հավաքականները:

Իսկ ինչ վերաբերում է օրերս տոտո-սկանդալում հայտնված Լոռի – Էրեբունի խաղին, ապա ֆեդերացիայի նախագահը ընդհանրապես չի ցանկանում խոսել այդ մասին, քանի որ ՈՒԵՖԱ-ն կարգադրել է խիստ գաղտնիության պայմաններում անցկացնել համապատասխան հետաքննությունները:  

Ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար, ֆեդերացիան որոշել է ազատականացնել առաջին խմբից՝ բարձրագույն խումբ տեղափոխվելու գործընթացը:

«Առաջին խմբի այն ակումբները, բացի դուստր թիմերից, որոնք կցանկանան հանդես գալ բարձրագույն խմբում, մենք չենք խոչընդոտի: Մեր նպատակն է բարձրագույն խմբի մասնակիցների քանակը հասցնել 10-ի», – եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: